ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ապօրինի հատված 619 ծառ, ավելի քան 12 միլիոն դրամի վնաս. 8 պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը` մանրամասներ հայտնելով հարուցված քրգործից։
Նշվում է, որ ավարտվել է «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսության թվով 8 պաշտոնատար անձանց` 2 անտառապահի, 2 անտառապետի, 1 ավագ անտառապետի, անտառպահպանության 1 ինժեների, 2 անտառային տեխնիկի վերաբերյալ քրգործի նախաքննությունը:
Նշված պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, Գյուլագարակի անտապետության տարածքի 4 տեղամասերում շրջայցեր չեն իրականացրել, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը:
Բացի այդ, նրանք կազմել են ապօրինի հատված ծառերը չհայտնաբերելու բովանդակությամբ կեղծ արձանագրություններ` մինչդեռ այդ տեղամասերում ավելի ուշ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 619 ծառեր, ինչի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է 12 258 000 դրամի վնաս։
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքի վրա կալանք է դրվել։
Նշենք, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը)։
Հավելենք` ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում Լոռու մարզի անտառպահպանության ոլորտի պաշտոնատար անձանց ապօրինի ծառահատումների վերաբերյալ դատարան է ուղարկվել 16 քրգործ՝ 19 անձի վերաբերյալ: