Փաշինյանը հայտնել է երկաթուղու Մեղրիի հատվածի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին

Նիստի ժամանակ վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքների ընթացքի մասին։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ներկայացնելով 2021թ–ին Սյունիքում իրականացված ծրագրերը, Փաշինյանը նշեց, որ այկնտեղ իրականացվել է շուրջ 1.1 մլրդ դրամի ծրագիր` սկսած գյուղատնտեսությունից մինչև սպորտ։
Կարևորելով Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելուն ու ամրապնդելուն ուղղված ծրագրերը, վարչապետն ընդգծել է, որ Սյունիքում լայն թափով ընթանում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն:

«Այսօր մենք ակտիվ աշխատում ենք Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման վրա՝ մասնավորապես Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարությունը: Հույս ունենք գործընթացն արդեն մեկնարկել 2022 թվականի ընթացքում: Դա շատ խոշոր ծրագիր է, ընդ որում, ներառում է մի քանի կամուրջներ, 2 թունել՝ 7 և 8 կմ երկարությամբ: Ծրագիրը նույնպես շատ էական ազդեցություն է ունենալու ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար»,– ասել է Փաշինյանը:

Սյունիքի մարզի հետագա զարգացման համար Փաշինյանը կարևորել է, իր խոսքով, առաջիկայում մեկնարկող Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները:
Երասխ-Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարության համար 226 մլն դոլար կծախսվի
«Իհարկե, բոլորիս հայտնի հանգամանքների բերումով` տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն և հանրահայտ ձևով նաև որոշակի խնդիրներ և վտանգներ է պարունակում, բայց պիտի ընդգծեմ նաև, որ շատ մեծ հնարավորություններ է պարունակում: Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը»,– նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Սյունիքի մարզում իրականացվող այլ ծրագրերին, մասնավորապես կրթական ոլորտում նոր մոդելի փորձարկումը Կապան խոշորացված համայնքից մեկնարկելու որոշմանը։ Ծրագրի համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է իրականացրել։
Սյունիքով անցնող ճանապարհը պետք է լինի ՀՀ սուվերենության ներքո. Փաշինյան
Փաշինյանը նշել է նաև Եվրամիության հետ համագործակցությամբ շուրջ 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնելու մասին` ուղղված Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելուն։
Նիստի ժամանակ վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան, Տանձավեր – Շուռնուխ, Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ճանապարհահատվածների կառուցման/վերակառուցման ընթացքի մասին:
Սյունիքի գյուղերում աննախադեպ ծավալով ճանապարհաշինարարական աշխատանքներ են. Փաշինյան
Նշվել է, որ ընթացքի մեջ են գրունտային վիճակի ապահովման աշխատանքները, որոնք կերաշխավորեն այս ճանապարհահատվածների երթևեկելիությունը բոլոր տիպի մեքենաների համար, տարվա բոլոր եղանակներին: Նախատեսվում է, որ 2022թ. դրանք ամբողջությամբ ասֆալտապատված կլինեն: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է նշված ճանապարհների կարևորությունը և հանձնարարել հնարավորինս արագացնել շինարարության ընթացքը: