Երևանցի ուսանողների ներկայացումը GITIS-fest-ում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել

Երևանցի ուսանողների ներկայացումը GITIS-fest-ում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել
GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Անտոն Չեխովի պիեսի հիման վրա բեմադրված «Երեք քույր» հայկական ներկայացումը GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնում արժանացել է «Լավագույն դերասանական համույթի համար» ժյուրիի հատուկ մրցանակի, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Ներկայացումը բեմադրել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։
Լավագույն ներկայացում է ճանաչվել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի «Սեր։ Մահ։ Սեր» բեմադրությունը։
Լավագույն կանացի դերի համար մրցանակներ են ստացել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ուսանողուհի Էրիկա Բաբյակը` Բորիս Զայցևի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Սեր։ Մահ։ Սեր» ներկայացման մեջ Ագրաֆենայի կերպարը մարմնավորելու համար և Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտի ուսանողուհի Աննա Դենիսովան` Եվրիպիդեսի և Լյուդմիլա Ռազումովսկայայի պիեսների հիման վրա բեմադրած համանուն ներկայացման մեջ Մեդեայի դերի համար։
«Մաուգլին» վերադառնում է Գյումրի. աճեմյանցիների մասշտաբային ներկայացումը
«Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի` ԳԻՏԻՍ–ի ուսանող Ալեքսեյ Կրուչինինը` Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ Նեսչաստլիվցևի դերի համար և Մոսկվայի գեղարվեստական ​​ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց–ստուդիայի սան Իլյա Վինսը, ով Նիկոլայ Եվրեինովի «Ամենակարևորը» պիեսի ներկայացման մեջ միանգամից մի քանի դեր է խաղացել. բժիշկ Ֆրեգոլիի, Շմիտի, գուշակի և վանականի։
GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնին մասնակցել է 15 թատերական բուհ 6 երկրից`Հայաստան, Ղազախստան, Մոնղոլիա, Սերբիա, Խորվաթիա և Ռուսաստան։ Այն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Մոսկվայում։