ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 8–ին, Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 18։00-ի սահմաններում։ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են Շենավան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Ստեփանյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Մուղնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Սիրակ Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Նշվում է, որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Ոսկեվազ գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Խաչատրյանը և Նիվայի վարորդ Է. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Փաստի առթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով մահացած Ս. Մինասյանն աշխատում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում որպես ավագ տեսուչ, կոչումով ոստիկանության մայոր էր։