ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այսօր տեղի է ունեցել Միքայելյանների պանրի մառանի՝ «Գաստրո բակի» պաշտոնական բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Գավառում ՄԱԶԾ աջակցությամբ տեղի ունեցան կաթի վերամշակման լաբորատորիայի և պանրի մառանի բացման արարողությունները (1 դեկտեմբերի, 2021թ). Գեղարքունիք
Միքայելյանների ընտանեկան բիզնեսն արդեն ճանաչված է իր պանրի մառանով ու այնտեղ արտադրվող ավելի քան 10 տեսակի պանիրներով, որոնցից են՝ «Պարմեզան» պանրի հայկական` «Արմեզան» տարբերակը, կոնյակի և գինու մեջ պատրաստված ու խաղողի տերևի մեջ փաթաթված պանիրը, այլ տեսակներ։
Այստեղ պատրաստվում է նաև հայկական ինքնատիպ խամոն՝ ոսկորով խոզապուխտ:
«Գաստրո բակը» հանդիսանում է Միքայելյանների ընտանեկան բիզնեսը, որը հիմնադրվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ և ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ու Հայաստանում ՌԴ դեսպանը նշեցին, որ նմանատիպ զբոսաշրջային վայրերը շատ պահանջված են գյուղական բնակավայրերում կյանքի որակի բարելավման, զբոսաշրջության ոլորտի և համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից:
Նույն օրը Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ նաև կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, շնորհակալություն հայտնելով ՌԴ կառավարությանը եւ ՄԱԶԾ-ին՝ նշեց, որ այդ նախաձեռնությունը շատ կարեւոր է թիրախային ու բովանդակային առումներով։
«Ծրագիրն ունի թե՛ կրթական, թե՛ արտադրական նշանակություն, այն շատ պահանջված է Գեղարքունիքի մարզի կայուն զարգացման, տնտեսական ակտիվության, նոր աշխատատեղերի ստեղծման առումներով»,-նշեց նա։
Գավառում ՄԱԶԾ աջակցությամբ տեղի ունեցան կաթի վերամշակման լաբորատորիայի և պանրի մառանի բացման արարողությունները (1 դեկտեմբերի, 2021թ). Գեղարքունիք
Հանդիսավոր արարողությունից հետո ներկաները լաբորատորիայում ականատես եղան քոլեջի ուսանողների կողմից ցուցադրվող պանրի պատրաստման վարպետաց դասին: