ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հայտարարել է, որ զղջում է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու համար։
Ինչպես հայտնում է Yerevan.today-ը` այս մասին Ավետյանն ասել է Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Առուշ Առուշանյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստի ժամանակ։
Դատարանում ելույթի ժամանակ Ավետյանը նշել է, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու որոշում կայացրել։
«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է, և դա դիտել ընտրակաշառք` անընդունելի է։ Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել է Քարահունջի ղեկավարը։
Ավետյանը տարակուսանք հայտնելով իր դեմ բնակիչների տված ցուցմունքներին` ասել է, որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։ Նրա խոսքով` ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
Նշենք` Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպան Արման Մելքոնյանն ավելի վաղ ասել էր, որ Ավետյանը ցուցմունք է տվել Գորիսի համայնքապետի դեմ։ Փաստաբանի խոսքով՝ Առուշանյանը կալանավորվել է այդ ցուցմունքի հիման վրա։