ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների ուղղվածությունը ենթարկվել է իրավիճակով պայմանավորված չնախատեսված սրբագրումների: ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստում հայտնել է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ նիստն անցկացվում է փորձություններով ու մարտահրավերներով և առաջարկել է 1 րոպե լռությամբ հարգել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհվածների և համավարակի հետևանքով մահացած մեր հայրենակիցների հիշատակը։
«Համբերություն մաղթենք գերիների և անհետ կորածների ընտանիքներին՝ շարունակելով բոլոր ջանքերը գործադրել գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ»,- նշել է նախագահը։
Նրա խոսքով՝ իրավիճակը և իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ցավ է ապրում անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար՝ որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ նախագահ, որպես հիմնադրամի նվիրատու և որպես հայ:
«Ակնկալում եմ, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը: Հիմնադրամն անցել է երկար ու դժվարին ճանապարհ և պետք էամենինչանի՝սխալներնութերություններըշտկելու, վստահությունըվերականգնելուհամար:
Մյուս կողմից, ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ»,- ընդգծել է նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բոլոր նվիրատուներին ու բարերարներին, մաղթել արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ:
Առաջինն անդրադարձը «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 9 պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված գումարների նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրություն-զեկույցն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 25–ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը որոշել է չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներառված է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը:
Քոչարյանը այդ թեմայով գրություն էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որին արձագանք այդպես էլ չի եղել:
Հիշեցնենք` 44-օրա պատերազմի ժամանակ «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ պատերազմի օրերին հավաքագրված գումարների ճակատագրի առնչությամբ կատարված աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և այլք։