ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Մեգամոլ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չեն պահպանվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Նշվում է, որ փաստի առթիվ հարուցել է վարչական վարույթ։
Ըստ հաղորդագրության` միջոցառման ժամանակ ներկաները դիմակ չեն դրել և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։
Որոշվել է իրավախախտման համար պատասխանատու առևտրի կենտրոնի սեփականատեր «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ֆ-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական տույժի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։