Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում օրեր առաջ անսովոր դեպք է տեղի ունեցել։ Նոյեմբերի 15-ին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին փախցրել են 13 տարեկան աղջկա, հայտնում են ոստիկանությունից։ Աղջկա մայրն ահազանգել է իրավապահներին։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ անչափահաս աղջկան փախցրել է 22–ամյա երիտասարդ` ամուսնության նպատակով։ Նա եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, ընկերների հետ։
Մինչ ոստիկանները միջոցառումներ են իրականացրել աղջկան ու նրան փախցնողներին հայտնաբերելու ուղղությամբ՝ նույն օրը, ժամը 23.30-ին նոր ահազանգ է ստացվել, այս անգամ` աղջկան փախցրած տղայի ընտանիքի անդամներից։
Նրանք հայտնել են, որ աղջկա հարազատները ծեծել են իրենց ընտանիքի անդամներին ու վնասել իրենց ավտոմեքենան։
Մեկ օր անց երիտասարդն ու աղջիկը հայտնաբերվել են հարևան Ծաղկալանջ գյուղում։ Երիտասարդը բերման է ենթարկվել։ Երասխահուն գյուղից բերման են ենթարկվել նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։