Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են արել

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։
«Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը»,- նշված է հաղորդագրությունում։
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

«Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը։ Կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը»,- ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Համանախագահները նաև կարևորել են սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու հարցերը։
Մոսկվան կարևոր է համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցերի վերսկսումը տարածաշրջան. Զախարովա
Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն։
Խոսվել է նաև այս ձևաչափով ապագա հանդիպումների և համանախագահների առաջարկած տարածաշրջան այցի մասին։