ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Դոնբասի հակամարտության գոտում անօդաչու սարքերն իրավունք ունեն օգտագործել միայն ԵԱՀԿ դիտորդները։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում՝ մեկնաբանելով Դոնբասում հերթական միջադեպը։
ԵԱՀԿ-ի առաքելությունն իր նոյեմբերի 6-ի հաշվետվության մեջ նշել է, որ կազմակերպության հատուկ մոնիթորինգային առաքելության պարեկային ծառայությունը հայտնվել է Դոնբասի՝ Կիևի կողմից վերահսկվող Բոլոտնոյե բնակավայրի ծայրամասում անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման գոտում։
«ԵԱՀԿ դիտորդները հայտնվել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու սարքի հարձակման գոտում։ Առաքելության հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել պարեկության վայրից 20-30 մետր հեռավորության վրա», - նշել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Կիևը դրանով խախտում է Մինսկի պայմանավորվածությունները:
«Փարիզն ու Բեռլինը, որոնք հանդես են գալիս նորմանդական ձևաչափով հանդիպումներ անցկացնելու օգտին, այլևս չեն կարող ձևացնել, թե չեն նկատում Կիևի ռեժիմի սանձարձակ վարքագիծը, որը վերացնում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ գլխավորը՝ Ուկրաինայի քաղաքացիների խաղաղ կյանքի հույսը», – ավելացրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել էր Դոնբասում թուրքական Bayraktar հարվածային անօդաչու սարքի առաջին մարտական կիրառումը: