Հռոմի Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Սուրբ աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Շքանշանը Սարգսյանին հանձնել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան։
Նշվում է, որ շքանշանին Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:
«Հռոմի պապն ինձ պատվիրակել է ձեզ հանձնել Վատիկանի բարձրագույն պարգևը։ Սա վկայությունն է մեր երկրների միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների: Երևանում բացելով Առաքելական նվիրակությունը՝ մենք ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել և աշխարհին ցույց տալ պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգի կարևորությունը մեզ համար»,-ասել է Պառան:
Նշվել է, որ ՀՀ նախագահն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, որ արժանանում է Սուրբ աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին:
«Ես այն ընդունում եմ որպես իմ համեստ աշխատանքի գնահատական, ինչպես նաև որպես ճանաչում այն փաստի, որ ես Հայաստանի առաջին դեսպանն եմ եղել Սուրբ աթոռում: Ես մշտապես աշխատել եմ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու»,-ասել է Սարգսյանը:
ՀՀ նախագահն առաջարկել է Հայաստանի և Սուրբ աթոռի միջև 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորել նոր ցուցադրությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը:
Նշենք, որ 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացվեց «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը։
Հոկտեմբերի 27-ին Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակություն բացվեց։