ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին պահանջել է ազատ արձակել թուրք իրավապաշտպան Օսման Քավալային Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 10 երկրի դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու որոշման ֆոնին, որոնք նույնպես կոչ են արել ազատ արձակել ակտիվիստին։
«Տասը դեսպանների արտաքսումը վկայում է, որ թուրքական կառավարությունը գնում է դեպի ավտորիտարիզմ։ Մեզ չեք վախեցնի։ Ազատություն Օսման Քավալային», - թվիթերյան իր էջում գրել է Սասոլին։
Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ–ի դեսպանատներն ավելի վաղ Թուրքիային հորդորել էին ազատ արձակել Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ–ն կանչել էր այդ երկրների դեսպաններին և հիշեցրել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։
Այսօր հայտնի դարձավ, որ էրդողանը Թուրքիայի արտգործնախարարին կարգադրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները անցանկալի անձ հայտարարվեն։
Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը։ Հիմնադրամը մասնավորապես աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնություններին ուղղված նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում` թուրք և հայ բնակչության հաշտեցման և քրդական հարցի խաղաղ լուծման վերաբերյալ։