ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է Երևանի Կուրղինյան 3/15 հասցեում 3 մանկահասակ երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին` երեխաների հորը, ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկելը։
Երեկվանից սոցցանցերի հայկական տիրույթում օգտատերերերը մի տեսանյութ են տարածում, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները Ռաֆայելյանին տապալելով գետնին բերման ենթարկում և ինչպես են այդ ընթացքում նրա երեխաները լալիս։
Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների գրասենյակից, տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո՝ երեկոյան, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, կապ է հաստատվել Ռաֆայելյանի փաստաբանի հետ:
Փաստաբանը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ, այդ թվում՝ զինված ոստիկաններ իր վստահորդների նկատմամբ գործադրել են բռնի ուժ, թույլ են տվել երեխաների իրավունքների կոպիտ խախտումներ: Այսօր առավոտյան փաստաբանը նոր ահազանգով հայտնել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո 5-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է, գիշերը երեխան մի քանի անգամ փսխել է և շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Երեխային ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ ներարկում: Այնուհետև, երեխայի ինքնազգացողությունը լավացել է: Հոսպիտալացման կամ հետագա բուժման ցուցում առկա չի եղել:
Ոստիկանների արարքների հետ կապված պարզվել է, որ 3 մանկահասակ երեխաներին հատկապես վախեցրել է այն, որ մեծ թվով ոստիկաններ են եկել իրենց տուն, նրանց մի մասը եղել է զինված (զենքերն ակնհայտ նկատելի են եղել երեխաների համար) և քաշքշելով, հարվածելով տարել են իրենց հորն ու մորեղբորը, քանդել են իրենց տունը:
Երեխաներից ամենափորքը (5 տարեկան) գտնվել է հոր գրկում, երբ ոստիկանները կոպիտ քաշքշելով՝ երեխային հարկադրաբար իջեցրել են հոր գրկից և դուրս տարել տնից, հետո քաշքշելով՝ տարել են հորը, իսկ երեխան սկսել է լաց լինել: Այնուհետև, ոստիկաններն տնից քաշքշելով դուրս են հանել 10 և 13 տարեկան աղջիկներին, որոնք ևս անընդհատ լաց են եղել:
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ երեխաների հետ որևէ աշխատանք չի տարվել, որևէ աջակցություն չի ցուցաբերվել, երեխաների շահերի ապահովման որևէ քայլ չի արվել: Նշվում է, որ երեխաների իրավունքների, նրանց շահերի տեսանկյունից հատկապես դատապարտելի է երեխաների ներկայությամբ ապամոնտաժման աշխատանքների իրականացումն այն էլ նման լարված մթնոլորտում, ինչպես նաև ոստիկանների նման կոպիտ վերաբերմունքը, երեխաների ներկայությամբ բռնության գործադրումն իրենց հոր նկատմամբ:
Ոստիկանները չեն չեզոքացրել երեխաների համար վտանգները. երեխաներին տնից դուրս հանելուց հետո 5-ամյա երեխան կրկին վազել և մուտք է գործել շինություն, որը տվյալ պահին նախատեսում էին ապամոնտաժել: Նման իրավիճակը լուրջ ռիսկեր ունի ոչ միայն երեխաների հոգեբանական վիճակի, այլ նաև ֆիզիկական առողջության համար:
«Երեխաների հորը քաշքշելով բերման ենթարկելիս վերջինս, լսելով երեխաների լացը, խնդրել է իրեն թույլատրել մոտենալ և հանգստացնել նրանց, քանի որ երեխաները տվյալ պահին եղել են միայնակ, սակայն ոստիկանները չեն թույլատրել: Սա հատկապես դատապարտելի արարք է: Արդյունքում՝ հոգեբանական ծանր վիճակում գտնվող երեխաները շինության մոտակայքում կանգնած հետևել են ապամոնտաժման ամբողջ գործընթացին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացին նշել է, որ իր երեխաները հատկապես վախեցել են բազմաքանակ՝ մի մասը զինված, 40-ից ավել ոստիկանների ներկայությունից: Ինքը՝ ձերբակալված քաղաքացին, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորելով և քարշ տալով իրեն տարել են դեպի ոստիկանական մեքենան, որի ընթացքում պառկեցրել են գետնին և հարվածել: Իր ձեռքերին առկա են քերծվածքներ, իսկ մեջքի և կողերի հատվածում մինչ այժմ ցավ է զգում: Բացի այդ, քաղաքացու պնդմամբ՝ բռնություն է գործադրվել նաև իր կնոջ եղբոր նկատմամբ: Նույնը նշել են նաև երեխաները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նաև փոխանցվել են տեղեկություններ, որ Ոստիկանության ծառայողների հետ միասին երեկ նշված հասցե են այցելել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Փաստաբանի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ եղել են ոգելից խմիչքի ազդեցության ներքո այն աստիճան, որ ակնհայտ է զգացվել պահվածքից ու ալկոհոլի հոտից:
Երեկ ձերբակալված քաղաքացին տեղեկացրել է, որ Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում գտնվել է մոտ 2 ժամ, որի ընթացքում իրեն չեն պարզաբանել բերման ենթարկելու հիմքերը, իր իրավունքներն ու պարտականությունները, միայն վերջում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, որի բովանդակությանը ծանոթ չէ:
Առանձնազրույցների ընթացքում փաստաբանը և քաղաքացին տեղեկացրել են, որ թե՛ Ոստիկանության ծառայողները, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները երեխաներից անգամ չեն հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանք ունեն բնակվելու այլ վայր: Միաժամանակ, փաստաբանի պնդմամբ, շինության ապամոնտաժմանը նախորդող ժամանակահատվածում, ներկա չեն եղել, օրինակ, ո՛չ հոգեբան, ո՛չ մանկավարժ:
Ոստիկանների երեկվա արարքները քննարկվել են ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմի հետ: Քաղաքացիներին բերման ենթարկելիս, ինչպես նաև երեխաների նկատմամբ ոստիկանների, քաղաքապետարանի արարքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ կհասցեագրվեն ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև քննչական մարմիններին:
Հիշեցնենք, որ կատարվածի վերաբերյալ պարզաբանում է տարածել ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։