44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների ենթակայության տակ անցած տարածքներում կորցրել ենք 127 գրադարան` մոտ 650 հազար գրքերով, Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը։
«Իրականացվում են աշխատանքներ կորցրածը որոշ չափով համալրելու ուղղությամբ։ Խնկո Ապոր անվան գրադարանում վերջերս կազմակերպվել է գրքահավաքություն, որի արդյունքում մեծաքանակ գրականություն է ուղարկվել Արցախ։ Ծրագիրը շարունակական է, և գործընթացը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում»,– նշեց Նազիկ Հովասափյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե համավարակի պայմաններում ինչպես են աշխատել հայաստանյան գրադարանները, Հովասափյանը նշեց, որ թեև համավարակի ժամանակ գրադարանները փակվեցին, բայց այդ հաստատություններում կյանքը կանգ չառավ, և գրադարաններն անցան առցանց աշխատանքի։
«Համավարակից առաջ գրադարանների առցանց աշխատանքն այդքան էլ չէր կարևորվում, որովհետև բաց աշխատանքի պայմաններում նրանք իրականացնում են այլ գործառույթներ` անմիջականորեն աշխատելով կոնկրետ ընթերցողների հետ։ Համավարակի պայմաններում մեր գրադարանները որդեգրեցին աշխատանքային նոր ձևեր։ Եթե մինչ այդ նրանց էլեկտրոնային շտեմերանների աշխատանքն այդքան էլ տեսանելի չէր, ապա արտակարգ դրության իրավիճակում բոլոր գրադարանները միանգամից սկսեցին աշխատել առցանց»,– ասաց ԿԳՄՍՆ գլխավոր մասնագետը։
Հովասափյանի տեղեկացմամբ` համավարակի օրերին ընթերցողները սպասարկվել են էլեկտրոնային, առցանց եղանակով, նրանց պահանջները հնարավորինս բավարարվել են շտեմարանների միջոցով կամ էլեկտրոնային գրքերով։
Ըստ նրա` գրադարաններն իրենց կայքերում և ֆեյսբուքյան էջերում ընթերցողներին տրամադրել են անհրաժեշտ հղումները` ընդունելով նաև նամակներ ու առաջարկներ, բացի դրանից, իրականացվել են առցանց ծրագրեր, օրինակ` «Ճանաչենք մեր մարզը», «Գրադարանը քո տանը» խորագրերով և «Մնա տանը, կարդա գիրք» հեշթեգով։
Հիշեցնենք, որ 2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է Գրադարանավարի օրը: