Առջևում ծանր, բայց պատվաբեր պայքար է սպասվում. Անկախության տոնը դեռ տոնելու ենք. Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը, շնորհավորելով Անկախության 30-ամյակը, նշել է, որ հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու ոտնձգությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու: Անկախության տոնը դեռ տոնելու ենք: Անկախության օրվա առթիվ իր ուղերձում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև: Հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր և անպատասխանատու ներկայիս վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել»,–ասված է ուղարձում։

Սարգսյանի խոսքով` ներկայիս իշխանությունը լրջագույն հարվածի տակ դրեց ՀՀ–ն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս։
Կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին. Ռոբերտ Քոչարյան
Ըստ ՀՀ երրորդ նախագահի` ՀՀ ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, պետության գոյությունն է դրված հարվածի տակ թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում:
Սարգսյանը շեշտում է` հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին:
Նրա խոսքով` «բախտախնդիր ապազգային և անբարո իշխանությունները» լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին:
Եթե չես պայքարում մարտահրավերների դեմ, մի օր կկորցնես անկախությունը
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։