Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնիի միջազգային հեղինակավոր ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի քան մեկ տարվա դադարից հետո ֆրանսիական Շամոնիում կհանդիպեն քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, գործարար շրջանակների հայտնի գործիչներ ամբողջ աշխարհից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս, կմասնակցի գագաթնաժողովի երեք տարբեր քննարկումների:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը. Արմեն Սարգսյան
Հավատարիմ իր փիլիսոփայությանը՝ Շամոնիի գագաթնաժողովը հանդես է գալիս իբրև յուրօրինակ հարթակ գաղափարների փոխանակման համար: Քննարկումների գլխավոր թեմաները կլինեն առանցքային մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա:
"Մտքերի գագաթնաժողովին" ներկա կլինեն և մասնակիցներին կողջունեն Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը (ԱՄՆ), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախկին գլխավոր տնօրեն (2010-2020) Իվ Դակորդը (Yves Daccord), ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, միջազգային խոշոր ընկերությունների, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ և այլք:
Պետք է հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը. Արմեն Սարգսյան
Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայաստանյան բիզնես միջավայրի վերաբերյալ հանդիպումներ կունենա համաշխարհային մի շարք խոշոր, այդ թվում՝ շվեյցարական ընկերությունների (Google, Nestlé, Cargill, և այլն) ղեկավարների հետ՝ քննարկելու ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Այս հանդիպումները բացառիկ հնարավորություն են Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից: