ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի դուստրը` Անի Սարգսյանը, դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Տեղեկությունը հրապարակվել է Datalex դատական տեղեկատվական համակարգում։
Նշվում է, որ Սարգսյանը դիմել է դատարան` պահանջելու վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տ. Դավթյանի կողմից 2020–ի հոկտեմբերի 7-ին կայացված «Հայցվորին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը։
Անի Սարգսյանը, ինչպես նաև նրա հայրը՝ Լևոն Սարգսյանն ու եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստանալու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, Անի Սարգսյանի ու Նարեկ Սարգսյանի դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին։
2021-ի հուլիսին Անի Սարգսյանը հրավիրվել էր դատախազություն։