ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ հիշեցնելով ոչ կասպիական պետությունների զորքերի ներկայության մասին կոնվենցիայի արգելքի մասին:
Պատասխանելով զորավարժությունների մասին լրագրողների հարցին՝ Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան հստակ պատասխան է տալիս դրան:
Կասպյան ավազանի բոլոր հինգ երկրները (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, – խմբ.) պայմանավորվել են, որ այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է։ Նրա խոսքով ՝ հարցը քննարկվում է ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Բաքուն և Անկարան Կասպից ծովում զորավարժություններ են անցկացրել հարձակման և պաշտպանության գծով։