ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը հակամարտության էությունը ևս մեկ անգամ վերլուծելու և վերաիմաստավորելու, սխալներն ու ձախողումները հասկանալու և ինչպես բուն Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ընթացիկ և ապագա մարտահրավերները նախանշելու ևս մեկ առիթ է:
Հանդիսավոր օրն այս տարի մթագնում են 44-օրյա պատերազմի հետևանքները՝ մարդկային զոհերը, տարածքների մի մասի կորուստը, սոցիալական խնդիրները, բնակիչների ֆիզիկական անվտանգության խնդիրները: Միաժամանակ անհնար է չնկատել, որ քաղաքական գործիչները փորձում են հիշարժան ամսաթիվն օգտագործել ներքին «գզվռտոցների» և հարաբերություններ պարզելու համար։ Նախկին իշխանությունները ներկայիս իշխանությունների մեղադրում են Արցախի շահերին դավաճանելու մեջ, իսկ գործողները չեն շտապում քավության նոխազ դառնալ։ Եվ մեղադրանքների այս անվերջ հեղեղում երբեմն դժվար է նշմարել օբյեկտիվ իրականության ուրվագծերը։
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը կարծում է, որ այսօրվա իրավիճակին հանգեցրել է Հայաստանի իշխանությունների գործողությունների և մոտեցումների ամբողջությունը։ Հայկական կողմին այդպես է չհաջողվեց Արցախի հարցում հստակ ռազմավարական գիծ մշակել և ամրապնդել։
«Օրինակ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ կազմից դուրս են եկել խորհրդային օրենսդրությանը, 1977թ․-ին ընդունված Սահմանադրությանը միանգամայն համապատասխան։ Սակայն ռազմավարական առումով` հայկական կողմը չկարողացավ կապիտալիզացնել այդ փաստը ապագա բանակցությունների ընթացքում և օգտագործել այն որպես ծանրակշիռ փաստարկ»,-ասաց Դունամալյանը։
Փորձագետի խոսքով` ի լրումն այդ ամենի՝ դեռևս 90-ականներին հանրության գիտակցության մեջ որոշակի բաժանիչ գծեր էին ձևավորել Հայաստանի և Արցախի միջև, օտարացում էր տեղի ունեցել, պայմանական բաժանում «հայաստանցիների» և «ղարաբաղցիների»։ Դա, անկասկած, լրացուցիչ խոչընդոտներ ու խնդիրներ էր ստեղծում լիարժեք ինտեգրման, միասնական քաղաքական, մտավոր և սոցիալ-հոգեբանական տարածքի ստեղծման համար։
«Այսօր Լեռնային Ղարաբաղը բոլորովին այլ իրողությունների է բախվում՝ աշխարհաքաղաքական, ռազմական։ Այստեղ մենք գործ ունենք Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և այլ գործոնների հետ։ Մենք պետք է հետագա ռազմավարություն մշակենք՝ այդ բոլոր գործոնները հաշվի առնելով։ Եվ ընթացիկ սպառնալիքները տվյալ դեպքում պետք է միավորող դեր խաղան մեզ համար»,-կարծում է Դունամալյանը։
Քաղաքագետի խոսքով` որքան էլ առանձին քաղաքական գործիչներ Երևանում և մյուս մայրաքաղաքներում ձգտեն Արցախը «մեկուսացնել» Հայաստանից, ակնհայտ է, որ դա միասնական աշխարհաքաղաքական ամբողջություն է. Հայաստանն ու ԼՂՀ-ն անվտանգության ընդհանուր տարածք և ընդհանուր սպառնալիքներ ունեն։
Ճիշտ է, ընթացիկ կոնյունկտուրան փոքր-ինչ թուլացրեց Երևանի և Ստեփանակերտի միջև օրգանական կապը։ Այս մասին է վկայում թեկուզ այն, որ Ստեփանակերտում կայացած հանդիսություններին ներկա չեն ո՛չ Հայաստանի նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ խորհրդարանի խոսնակը. սա իսկապես հազվագյուտ երևույթ է։
Արցախ է մեկնել միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած խորհրդարանական հանձնաժողովը։ Իշխող խմբակցության պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Դունամալյանն անժխտելի խնդիր է համարում Հայաստանի իշխանությունների նման վերաբերմունքը։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, թե արցախցիների համար արդյո՞ք ցանկալի կլիներ նույն Նիկոլ Փաշինյանի ներկայությունը։
«Փաշինյանի անձի ընկալումը Լեռնային Ղարաբաղում հիմա այնքան էլ միանշանակ չէ, և արձագանքը նրա այցին կարող էր տարբեր լինել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-կարծում է մեր զրուցակիցը։
Դա զուտ գործնական, կենցաղային պահն է։ Բայց կա նաև քաղաքական բաղադրիչը։ Փորձագետի կարծիքով` ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում, որքան էլ կողմերը ժխտեն` ինչ-որ գործընթաց, այնուամենայնիվ, նկատվում է, օրինակ, հաղորդակցությունների ապաշրջափակման գծով աշխատանքային խմբի գործունեությունը փոխվարչապետների մակարդակով:
Եվ ով էլ որ լիներ Հայաստանում իշխանության ղեկին, չէր կարողանալու անտեսել այդ հանգամանքը։ Կարևոր պահ է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը։ Դա մի կողմից բնակչության անվտանգության երաշխիք է, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական այլ միջավայր։ Այս պայմաններում իրավիճակի լրացուցիչ սրումը որևէ մեկին ձեռնտու չէ և ոչ մեկին պետք չէ։
Հայաստանի իշխանությունները չեն կարող ուղիղ տեքստով խոսել այդ մասին, ինչի դրդապատճառները դժվար չէ հասկանալ։
Հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի որոշակի «վերաֆորմատավորումը», բազմաթիվ գործող անձանց ներգրավումը, իրադարձությունների հետագա զարգացումը կախված է ոչ միայն հենց հակամարտության կողմերից, այլ նաև ուժերի գլոբալ փոխդասավորությունից։