ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի 20–ամյա քաղաքացին կյանքից զրկելու դիտավորությամբ, վրաերթի է ենթարկել 25–ամյա համաքաղաքացուն ու դիմել փախուստի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 24-ին` ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա մի տղամարդ:
Մասիսի քրեական հետախույզները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցականների փողոցների խաչմերուկում 20-ամյա երիտասարդը իր վարած «Վոլվո-S80» ավտոմեքենայով, դիտավորյալ վրաերթի է ենթարկել հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն և դիմել փախուստի:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։
Մեքենայի վարորդը հայտնաբերվել է, բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել բաժին ու ձերբակալվել:
«Վոլվո-S80» ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է նախաքննություն: