ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Հայտնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բ.-ն, հանդիսանալով Երևան քաղաքում գործող երկու դեղատան տնօրեն, 2021 թվականի փետրվարին առանց հատուկ թույլտվության, շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ և Հայաստանում դրանց իրացմամբ:
Այնուհետև որոշակի չափով գումարի վճարման խոստումով հիշյալ ապօրինի գործունեությանը վերջինս ներգրավել է իր մտերիմներին, որոնցից երկուսը իրենց կողմից վարվող բեռնատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել են նշված դեղորայքները և հանձնել Վ.Բ-ի տնօրինմանը, իսկ մյուս երկուսը զբաղվել են ապօրինի եղանակով ՀՀ ներկրված դեղորայքների պահեստավորմամբ և իրացմամբ:
ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների և ԱԱԾ ծառայողների համագործակցության արդյունքում հստակեցվել են պլանավորված հաջորդ խմբաքանակ դեղորայքի ներմուծման ժամկետները, և կանխվել է դեղորայքների՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծումը և հետագայում դրանց շրջանառությունը։
Նախաքննությունը շարունակվում է: