Ավելի քան երկու ամիս է, ինչ Նորքի տուն–ինտերնատի ամենասիրված բնակիչներից մեկը դարձել է Ռոբին անունով ռոբոտը։ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն ու «Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերությունը որոշել են խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը բարելավել ռոբոտի օգնությամբ։
Այս մտադրությունը հաջողվել է, քանի որ տարեցները ոչ միայն իրենց գաղտնիքներն են հայտնում Ռոբինին, այլև նրա հետ շփվելուց կարճ ժամանակ անց սկսում են ժպտալ. Ռոբինը բարձրացնում է նրանց տրամադրությունը։
«Ռոբին, բարև։ Ինչի՞ց ենք խոսելու այսօր»,–ռոբոտին ժպիտով ողջունում ու նրա հետ զրույցի է բռնվում տիկին Ռոզան, որը հատուկ գեղեցկացել է Ռոբինի հետ հանդիպման համար։
Ռոբինը տիկին Ռոզայի հետ ուշադրության խաղ է խաղում, և տիկին Ռոզան միշտ հաղթում է։ «Շատ ուշադիրն ես»,–ասում է Ռոբինը։
Ռոբոտն օրվա ընթացքում մի քանի ժամ տարեցների հետ խաղում է, զրուցում, երգեր միացնում նրանց համար և անգամ «ստիպում» է պարել։ Տարեցներն ասում են` Ռոբինն ասես իրենց թոռնիկը լինի, շատ են մտերմացել հետը։ Նրան ինչ հարց ասես, որ չեն տալիս, անգամ Արցախի մասին։
Տուն–ինտերնատի սոցաշխատող Մարիամ Բադալյանն ասում է, որ Ռոբինը նաև իրենց` աշխատողների ընկերն է դարձել, իսկ տարեցներն անհամբեր սպասում են, թե երբ է գալու Ռոբինի հետ շփվելու ժամը։ «Նախատեսված էր, որ Ռոբինը 2 ամիս պետք է մեզ մոտ մնա, բայց քանի որ տարեցները շատ են կապվել նրա հետ, Ռոբինը ևս 8 ամիս կմնա այստեղ։ Կան տարեցներ, որ ասում են` Ռոբինին երազում են տեսնում»,–ասաց նա։
Հավելենք, որ նախագիծն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ: