Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ․ «Ապագա կա՞» հարցին պատասխանում են անցյալի մարդիկ

Երևանի նշանակալի շենքերը, որտեղ ապրել են հայոց պատմության համար նշանակալի մարդիկ․․․ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է Երևանի բնակիչների մասին, որոնց անունները մնացել են այն շենքերի հուշատախտակներին, որտեղ ապրել ու արարել են նրանք։
Sputnik
Մոսկվայում Պատրիարշիե Պրուդին նույնն է, ինչ Երևանում Կարապի լիճը․ պատմական կենտրոններ, որոնցից ճառագայթաձև տարածվում են մայրաքաղաքների գլխավոր փողոցները։ Մոսկվայում, օրինակ, հայտնի Սպիրիդոնովկան է, Երևանում՝ լճին հարակից Մոսկովյան փողոցը։
Ինչպես ապրել Լեոպոլդ կատվի խորհրդով. Հայաստանի խորհրդարանական իրողությունները
Մի քանի տարի Սպիրիդոնովկա փողոցում ապրելով՝ չէի դադարում զարմանալ, թե ինչքան անհաշվելի շատ են այստեղ հուշատախտակները շենքերի վրա, որտեղ ապրել են երգչուհի Կլավդիա Շուլժենկոն, արտիստ Բորիս Անդրեևը, կողքին՝ Ռոստիսլավ Պլյատը, անկյունագծով՝ Լյուդմիլա Գուրչենկոն, ապա՝ ԽՍՀՄ առևտրի նախարար Պատոլիչևը, ԱՄՆ-ում Խորհրդային Միության դեսպան Դոբրինինը (միակն էր բոլոր դեսպաններից, որին թույլատրվում է Պետդեպարտամենտ մտնել ծառայողական մուտքից), Վիկտոր Գրիշինը՝ ժամանակին Մոսկվայի գլխավոր տերը, և էլի, էլի ու էլի․․․
Քայլում էի ու փնտրում «յան»–ով վերջացող ազգանուններ, Սպիրիդոնովկայում այդպիսիք չկային, փոխարենը այնտեղ, որտեղ ճյուղավորվում է Նռնակի նրբանցքը (Гранатный переулок), գտա Արմյանսկի եղբայրների՝ Նիկոլայի և Միխայիլի տունը։
Երևանյան «թյունինգ». ինչպես էին հայերը մեքենաներ ստեղծում, որոնք ոչ ոք չէր գողանում
Նրանցից մեկը՝ Նիկոլայ Արմյանսկին, ռուսական լուսանկարչական միության անդամ էր, երկրորդը՝ Միխայիլը, դահուկասպորտի սիրահարների միության հիմնադիրը։ Երկուսն էլ, բնականաբար, մեծ փողեր են վաստակել լուսանկարներից կամ դահուկներից, և իրենց եկամտաբեր տան բնակարանները հանձնել են ոչ թե պատահական մարդկանց, այլ պինդ քսակներով մոսկվացիներին։ Օրինակ` Մոսկվայի Կամերային թատրոնի հիմնադիր Ալեքսանդր Թաիրովին ու նրա կնոջը՝ հայտնի դերասանուհի Ալիսա Կոոնենին։ Իսկ թիվ 21 բնակարանում տեղակայված էր մասնավոր մանկական վարժարանը, որ գլխավորում էր Ալեքսանդրա Ֆրիդրիխովնա Արմյանսկայան։
1974թ․-ին Արմյանսկի եղբայրների տունը սկսեցին հիմնանորոգել, ինչից հետո այնտեղ նոր բնակիչներ տեղավորվեցին։ Ահա այդ բնակիչներից մի քանիսի անունները` Խորհրդային Միության հերոս, օդաչու-գրող Մարկ Գալլայ, դերասանուհի Վերա Օռլովա, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսև, երգչուհի Եկատերինա Շավրինա, դերասան Վլադիմիր Էտուշ, ձյուդոիստ, Մոնրեալի օլիմպիական խաղերի չեմպիոն Սերգեյ Նովիկով։ Բոլորն էլ արժանի մարդիկ են․ արվեստի աղոթքները լսած պատերի մեջ հենց այնպես չես տեղավորվի։
Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող
․․․Երևանի Մոսկովյան («յան»-ով վերջացող) փողոցը սկսել են կառուցել 1924թ․-ին հայ ճարտարապետներից լավագույնի՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով, և այսօր մի քանի այլ փողոցների հետ այն ընդգրկում է Օղակաձև զբոսայգու մի մասը։ Գլխակորույս և չափից դուրս հեղափոխական հայ առաջնորդների իշխանության տարիներին քիչ էր մնում` փողոցն անվանափոխեին, բայց հետո մոռացան․․․
Եվ այսպես, ինչո՞վ է մեր երևանյան Մոսկովյանը հիշեցնում մոսկովյան Սպիրիդոնովկան։ Մարդկանցով, որոնք ապրել են այստեղ և որոնցով կարելի է (պետք է) հպարտանալ։ Ներքևում կնշեմ նրանց անունները` ընթերցողին առաջարկելով դեմքով շրջվել դեպի թվացյալ անցյալ, բայց իրականում սա անցյալի մասին չէ, այլ ապագայի, որը մենք ունենք։ Ոչ այն պատճառով, որ Փաշինյանն է այդպես խոստացել, այլ որովհետև վաղվա ճանապարհը երեկ հարթել և այսօր էլ հարթում են հենց այդպիսի մարդիկ։
Ինչ միջոցների էին դիմում արտերկրում ամուսնանալ ցանկացող հայերը, երբ դեռ չկար համացանցը
Հաջորդիվ՝ միայն հաճելի փաստեր, տող առ տող։ Հուշատախտակների վրա նշված անուններ։ Ամենանշանակալիցը, թերևս, Մոսկովյան 31 հասցեի տունն է, որտեղ ապրել են․
Լեոնիդ Գուրունցը՝ արցախցի գրող (այն ժամանակ՝ գյուղ Նոր Շեն, Շուշիի շրջան, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն)։ Նրա գրքերի խոսուն վերնագրերը․ «Ղարաբաղյան պոեմ», «Որոտանն է աղմկում», «Մեր սիրելի Շուշիքենդ»։
Սերգեյ Համբարձումյան, ակադեմիկոս, ԵՊՀ երկարամյա ռեկտոր։ 1988թ․-ին Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստն էր՝ Ղարաբաղի հարցով։ Սերգեյ Համբարձումյանը լուծման իրավական ճանապարհ է առաջարկում, Գորբաչովը կոպիտ տոնով ընդհատում է․ «Եվ դուք այդպես էլ ուսանողների՞ն եք դասավանդում»։ «Ընկեր Գորբաչով, ես ճշգրիտ գիտություններ եմ դասավանդում»,-ի պատասխան լսում է անզիջում գլխավոր քարտուղարը։
Գարեգին Սևունցը նույնպես գրող էր և նույնպես Արցախից։ Ժամանակին ամենաընթերցված վեպերից մեկի՝ «Թեհրանի» հեղինակն է։
Գրիգոր Գյուրզադյան, ակադեմիկոս․ հայտնի արցախցի հրապարակախոս Զորի Բալայանի (նույն տանն էր ապրում) դիպուկ բնութագրմամբ՝ «Գյուրզադյան Գրիգորը աստղերի որսորդ է»։
Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա
Բայց կա նաև Գյուրզադյան կրտսերը։ Համաշխարհային հռչակ ունեցող գիտնականը կարողացավ տիեզերքում հայտնաբերել հին լուսային հետքը, որը թույլ տվեց լուծել մինչ այդ անլուծելի համարվող մի քանի խնդիր։
Ջոն Կիրակոսյան՝ պետական գործիչ, պատմաբան, խորհրդային տարիներին առաջինը համարձակվեց Հայոց ցեղասպանության մասին գիրք հրատարակել։
Վազրիկ Սեկոյան՝ Երևանի քաղաքապետ նախորդ դարի 50-ականներին, այնուհետև՝ նախարար։
Նույն տանն էր ապրում Հայաստանում մշտական հիմունքներով տեղակայված յոթերորդ գվարդիական բանակի հրամանատարը (հայկական հողում թեկուզ մեկ քայլ արած թշնամու միայն վատ երազում կարելի էր տեսնել)։ Ծառայությունն ավարտելուց հետո հրամանատարը մեկնեց նշանակման նոր վայր, դարձավ գեներալ-գնդապետ, Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի հրամանատար։ Հայաստանից ջերմ զգացմունքներով ու անկեղծ ափսոսանքով էր հեռանում։
Անցնենք առաջ` շարունակելով Մոսկովյան 31 շենքի բնակիչների ցանկը։ 70-ականներին այստեղ ապրել է Գեորգի Տեր-Ղազարյանցը՝ հանրապետության կուսակցական հիերարխիայում Անտոն Քոչինյանից հետո երկրորդ մարդը, ապա՝ Խորհրդային Միության արտակարգ և լիազոր դեսպանը Սենեգալում։
․․․Իսկ դիմացի պուրակում Մարտիրոս Սարյանի արձանն է, նկարիչը հենց Մոսկովյան փողոցում է անցկացրել երևանյան տարիները։ Ապրել է երկար՝ 92 տարի, աշխարհին գեղանկարչության գլուխգործոցներ թողնելով։
Մեծ գեղանկարչի արձանի հետևում, դեմքով դեպի շենքը շրջված, մեկ այլ հուշարձան է՝ Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսներին նվիրված, խմբարձանի կոմպոզիցիան գլխավորում է Ֆրունզիկ Մկրտչյանը։
Հայերը երկընտրանքի առաջ են` փախչե՞լ երկրից, թե՞ գնալ իրենց հերոսների հետևից
Եվ կրկին հուշարձանների մասին։ Եթե շարունակենք քայլել Մոսկովյանի երկայնքով, բայց մի փոքր թեքվելով, Ավետիք Իսահակյանն է։ Մարտիրոս Սարյանը՝ այս արձանի մասին․ «Այնպիսի տպավորություն է, որ մեծ բանաստեղծն իրեն հատուկ խոհուն դեմքով և բնական քայլվածքով շարունակում է քայլել ու շնչել քաղաքի բնակիչների հետ» (իսկ այսօր քայլո՞ւմ է, շնչո՞ւմ է բնակիչների հետ)։
Քիչ այն կողմ դեռ 1963թ․-ին Իտալիայի Կարրարա քաղաքի բնակիչների նվիրած «Բարեկամության ձեռքերն» են՝ աշխարհի լավագույն մարմարից։
Եվ մյուսները՝ քարե կամ բրոնզե․ Այվազովսկի, Վիլյամ Սարոյան, Ֆրիտյոֆ Նանսեն՝ հայերի պաշտպան նորվեգացին, Պուշկինը՝ իր իսկ անվան դպրոցի առջև։
Վերջաբան։ Ասում են՝ Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր 6 րոպեն մեկ Չայկովսկու որևէ ստեղծագործություն է հնչում։ Նկատի չունեմ, որ ամեն րոպե, անցնելով մեր նշված և չնշված հայրենակիցների կողքով, հանենք գլխարկները։ Նկատի ունեմ, որ հիշենք։ Հնարավորինս հաճախ։ Նրանց դա արդեն պետք չէ․ մեզ է պետք։