Լավրովն ու Բայրամովը խոսել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները իրադրության կարգավորման ուղիների վերաբերյալ մտքեր են փոխանակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Այսօր կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։
«Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի իրադրության կարգավորման ուղիների վերաբերյալ: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` օգոստոսի 6–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Թաթոյանն ադրբեջանցիների սադրանքից հետո Երասխում բռնկված հրդեհից տեսանյութ է հրապարակել
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։