Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը

Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ոստիկանության գործողությունները։ Ոստիկանության լրատվության ու հասարակայության հետ կապերի վարչություն զանգերն անպատասխան են մնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ոստիկանությունն այսօր արգելել է Սյունիքի համայնքապետների ազատության պահանջով Երևանում կազմակերպված ստորագրահավաքը։

Եթե Սյունիքի համայնքապետներին ազատ չարձակեն, «Հայաստան» դաշինքը միջոցներ կձեռնարկի

«Երեկվանից մեկնարկել էր ստորագրահավաքը, բազմաթիվ քաղաքացիներ միանում էին ստորագրահավաքին, նույնիսկ դա է խրտնեցնում, վախեցնում այս իշխանություններին։ Ստորագրահավաքն արգելելու հետ կապված որևէ տրամաբանական, մարդկային բացատրություն չկա։ Ինչպես բազմաթիվ մարդիկ, այդ թվում Սյունիքի համայնքների մեր ղեկավար ընկերները, անօրինական ձերբակալվեցին, բերման ենթարկվեցին, այնպես էլ նույն անօրինականությունը շարունակվում է նաև այժմ»,– ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ոստիկանության ու իրավապահ համակարգի գործողություններում վերացել է որևէ տրամաբանություն, բացի իշխանությանը ցուցադրաբար ծառայելուց։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ստորագրահավք արգելելու մասին ոստիկանությունից մեկնաբանելու մեր փորձերն առայժմ որևէ արդյունք չեն տալիս։ Ոստիկանության լրատվության ու հասարակայության հետ կապերի վարչություն զանգերն անպատասխան են մնում։

Հիշեցնենք` հուլիսի 23-ից Հյուսիսային պողոտայում «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ ստորագրահավաք էր սկսվել ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետների։

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետապնդումների հարցով ՄԻՊ–ը միջոցներ է ձեռնարկում

«Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ստորագրահավաքը նախ արձանագրումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղբանտարկյալներ կան։ Ըստ նրա` իրավասու մարմինները պարտավոր են ստորագրահավաքն ընդունել որպես հանրագրի մի ձև և պատշաճ ընթացք տալ դրան։

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց։