11 օր զինվորի կյանքով. աշակերտները ՆԶՊ–ից ստացած գիտելիքները գործնականում են կիրառում

Մինչև բանակ մեկնելն աշակերտներն արդեն որոշակիորեն պատրաստ կլինեն զինվորական կյանքին։ Առավոտյան վերկացից մինչև կրակային պատրաստվածություն և քարտեզագրություն` 11-րդ դասարանցիները պիլոտային ծրագրով բանակային կյանքին են պատրաստվել։
Sputnik

11-րդ դասարանի 100 աշակերտ արդեն իսկ գիտեն` ինչ առօրյայով և կարգուկանոնով են ապրում զինվորները բանակում։ Աշակերտները «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայից ստացած գիտելիքները ԿԳՄՍՆ–ի պիլոտային ծրագրով ռազմամարզական ճամբարում` գործնականում են կիրառում։ Ծրագրի պատասխանատուն Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցն է։

ՆԶՊ նոր ծրագիրը միտված է նախևառաջ գործնական հմտությունների ձեռքբերմանը. Կարապետյան

Դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ աշակերտների օրն սկսվում է վաղ առավոտյան. վերկացը  ժամը 7-ին է։

«Ծրագրին մասնակցում են 86 տղա և 14 աղջիկ։ Ի դեպ, աղջիկները մի քիչ ավելի շուտ հարմարվեցին։ Գրաֆիկում ներառված է ռազմագիտության առարկայի ամբողջ ծրագիրը` մարտավարություն, կրակային պատրաստվածություն, առաջին բուժօգնություն»,–ասաց Պետրոսյանը։

Ի դեպ, աղջիկների առկայությունը տղաներին ավելի պատասխանատու է դարձնում։ Ծրագրին մասնակցող աշակերտներից Էրիկ Շաքարյանը հիշեցնում է` պատերազմի ժամանակ շատ կանայք են մեկնել մարտադաշտ։

«Ինձ թվում է` պետք է աղջիկները ծառայեն, պատրաստ լինեն ամեն ինչին, քանի որ թշնամիներով ենք շրջապատված»,–ասում է նա և հավելում` նման դասընթացներն էլ հնարավորություն կտան պատկերացում կազմել բանակային կյանքի մասին և ճիշտ որոշում կայացնել։

Էրիկի խոսքը հավելում է աշակերտուհի Նելլի Բադալյանը, որն ասում է` եթե հնարավորություն լինի, ինքն էլ է ուզում ծառայության մեկնել։

«Կարծում եմ` աղջիկներն էլ պետք է ծառայեն, բայց կամավորության սկզբունքով պետք է լինի։ Ես, օրինակ, կուզեի բանակ գնալ, մանավանդ, որ այստեղ ծանոթացա բանակային կյանքին ու շատ դուրս եկավ այդ առօրյան»,–ասում է Նելլին։

Նշենք, որ նախարարությունը նախատեսում է հետագայում ռազմամարզական ճամբարը պարտադիր դարձնել։

ՆԶՊ նոր ծրագիրը միտված է նախևառաջ գործնական հմտությունների ձեռքբերմանը. Կարապետյան