ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ընտրությունների օրը Երևանի Ս. Սպանդարյանի անվան դպրոցում սովորաբար ընտրատեղամաս է տեղակայվում։ Այսօրվա խորհրդարանական ընտրություններում այդ ընտրական տեղամասին 9/18 համարն է տրվել։ Հենց այստեղ են ավանդաբար քվեարկում նախկին նախագահները։ Այս տարի այստեղ է քվեարկելու Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Տեղամասում 1627 ընտրող է գրանցված, և գրեթե բոլորը ճանաչում են իրար։
Ընտրատեղամասը դեռ չէր բացվել, բայց դռների մոտ արդեն մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել։ Մորուքով երիտասարդը խնդրեց իրեն առաջ թողնել. ուզում էր առաջինն ընտրել այդ ընտրատեղամասում։ Նրան սիրով զիջեցին։
Պարզվեց՝ երիտասարդ տղամարդու անունը Ալեքսանդր Գրիգորյան է։
«Եկել եմ, որ առաջինը քվեարկեմ ու ներդրում ունենամ երկրի փոփոխությունների մեջ։ Յուրաքանչյուրիս ձայնը կարևոր է, բոլորը պետք է շտապեն ընտրությունների», – ասաց Ալեքսանդրը:
Նա քվեարկեց ու հեռացավ։ Նրա հետևից փոքր հերթ գոյացավ։ Ավագ սերնդի ընտրողների համար մի քիչ դժվար էր. քվեարկության նոր կանոնները չգիտեն։ Նրանց բացատրում են, որ պետք է անպայման վերցնել բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները, բայց ծրարի մեջ դնել միայն մեկ քվեաթերթիկ։
«Նշումներ ու խաչեր անել չի՞ կարելի»,- հարցնում են ընտրողները։
Որոշ ընտրողների զարմացրել է «22» համարի քվեաթերթիկի բացակայությունը
Բացասական պատասխան ստանալուց հետո երկրորդ հարցն են տալիս․ «Բա մնացած քվեաթերթիկներն ի՞նչ անենք»։
Հանկարծ տարեց զույգ է հայտնվում, նրանք ձեռք-ձեռքի բռնած են գալիս, քվեարկում են, դուրս գալու պահին տղամարդը նկատում է, որ մոռացել է անձնագիրը։ Վերադառնում է, կինն անհամբերությամբ սպասում է, մինչև արձանագրություն կազմվի։
Կինը Sputnik Արմենիային պատմում է, որ իրենք արդեն 60 տարի միասին են և միշտ մասնակցել են ընտրություններին։
«Սա մեր քաղաքացիական պարտքն է։ Միշտ առավոտ շուտ ենք քվեարկության գալիս, իսկ հետո մեր գործերով ենք զբաղվում», - ասում է տարեց կինը։
Աստիճանաբար ակտիվությունը նվազում է։ Ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Գալստյանն ասում է, որ ընդամենը մեկ ժամվա ընթացքում մոտ հարյուր ընտրող է քվեարկել: Նրա խոսքով՝ նորմալ ցուցանիշ է, բայց նախորդ ընտրությունների համեմատ ավելի մեծ ակտիվություն է նկատվում։ Ի դեպ, ակտիվ են ոչ միայն ընտրողները, այլև դիտորդները․ մեկ ժամվա ընթացքում երեք խումբ է եղել ընտրատեղամասում։
Սիսիանում «քվեաթերթիկ տպելու սարք են որոնում». «Հայաստան» դաշինքի արձագանքը