Այսպես շարունակել չի կարելի. Թաթոյանին մտահոգել են Փաշինյանի հայհոյախառն հայտարությունները

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է` հայհոյանքի օգտագործումը խիստ մտահոգիչ է, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում այն մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը: Նա գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Եթե Փաշինյանն ասում է` վենդետա է անելու, ես էլ ասում եմ` համաներում է լինելու». Քոչարյան

«Այսպես շարունակել չի՛ կարելի: Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար: ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները:ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ է, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է»,– գրել է նա:

Թաթոյանի խոսքով` ինչպես էլ ուզում է մեկնաբանվի, նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ:

«Այսպիսի հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր:

«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին

Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր ազդեցությունը»,– նշել է ՄԻՊ–ը:

Թաթոյանը շեշտել է` ՀՀ վարչապետի պաշտոնակատարին անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա քաղաքականից բացի, շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:

Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ տարածվել են «քաղաքացիական վրեժ», «վենդետա» և նման այլ վերնագրերով նյութերը, արձանագրվել է մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Այս վերնագրերը ևս մեկ անգամ վկայում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի չվերաբերվելու վերապահումը ազդեցություն չի ունեցել:

Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաև բռնության համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև դուելի թեման:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին բանավեճի էր հրավիրել, սակայն երկուսն էլ հրաժարվել էին։ Քոչարյանն ի պատասխան նշել էր` պատրաստ է ցանկացած տիպի զենքով դուելի գնալ նրա հետ։ Երեկ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում ապարանցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Քոչարյանի հայտարարությանը։ «Մեկը կա, ասում է` դուելի կհրավիրեմ. դու հայ ժողովրդի՞ն ես դուելի կանչում, դա բռնության կո՞չ է։ Բա որ ես էլ հանկարծ ասեմ` տո լավ էլ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընտրում եմ, կանչում եմ էստեղ ու ճակատիդ շարում եմ, պիտի ասեք` բռնությո՞ւն է»,–ասաց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց` քաղաքական վենդետա է լինելու և սեփական ձեռքերով է վզներից բռնելու, դուրս շպրտելու համայնքների այն ղեկավարներին, որոնք սպառնալիքներ են հնչեցնում։