Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ

Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Մեհդի Միրաշրաֆիի հրավերով երկօրյա այցով մեկնել է Թեհրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ու Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությունը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքի վերաբերյալ հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը` հավելելով, որ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան։

«Էդվարդ Հովհաննիսյանը ԻԻՀ գործընկերոջը ներկայացրել է, որ արդիականացման ընթացքում հնարավորություն կընձեռվի նաև զարգացնելու Նուրդուզի և Մեղրիի ցամաքային սահմանային դարպասների համատեղ օգտագործումը, ինչպես նաև սահմանին ստեղծելու անհրաժեշտ ենթակառուցվածք: Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊԵԿ և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարները քննարկել են նաև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումների հետ կապված Իրանի և Հայաստանի միջև էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման առավել արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր:

Իրանը հետաքրքրված է «Հյուսիս-հարավի» կառուցման աշխատանքներին ներգրավվելու հարցով

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ծագած խնդիրների լուծման և միջազգային համաձայնագրերով նախատեսված բոլոր գործառույթները կյանքի կոչելու նպատակով:

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իրանի հարկային կազմակերպության նախագահ Օմիդ-Ալի Փարսայի հետ:

ՊԵԿ նախագահն իր գործընկերոջը հրավիրել է պատասխան այց կատարել Հայաստան` հարկային վարչարարության ոլորտում կիրառվող էլեկտրոնային համակարգերին ծանոթանալու, ինչպես նաև հնարավոր խորհրդակցության տրամադրման քննարկման նպատակով:

Նշվում է նաև, որ ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Իրանի առևտրի պալատի նախագահի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանում է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը