ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ներքին կարգով տեղեկություններ ունի, որ դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ կարգելվի ԳՇ նոր պետի նշանակումը։ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց այդ մասին` անդրադառնալով Օնիկ Գասպարյանի` պաշտոնից ազատվելու հարցով Վարչական դատարան դիմելուն։
«Առավոտյան դատարանի հետ կապ կհաստատեմ և մեր հայցի ապահովման միջնորդության առնչությամբ դատարանի որոշումը կվերցնեմ։ Այդ ժամանակ կարող եմ հստակ ասել` ճի՞շտ են մեր լուրերը, թե ոչ։ Սակայն դատարանը վարույթ է ընդունել իմ` իրավահարաբերության ճանաչման հայցը, որի մասին որոշումն իմ ձեռքի տակ է»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` վերոհիշյալ հայցով խնդրել էին դատարանին ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ նախ Վարչական դատարան 2 հայց են ներկայացրել` պաշտոնից ազատման առոչնչության և դրա վիճարկման առնչությամբ։ Սակայն երկուսն էլ դատարանը հետ է վերադարձրել։ Նույն օրը երրորդ` իրավահարաբերության բացակայության հայց է ներկայացվել։
Ի դեպ, հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։
Նշենք, որ եթե հայցի ապահովման միջոցի միջնորդությունը բավարարվի, սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել ԳՇ պետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը Facebook-ի իր էջում այսօր անդրադարձել էր Օնիկ Գասպարյանի գործը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին` ասելով, որ նա ունի առավելապես դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ: Վարդևանյանը նշել էր նաև, որ, ըստ մամուլում հրապարակված տեղեկության` իշխանությունները որոշել են ամեն կերպ ճնշել դատավորին։
Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: