ՌԱԴԻՈ

Զորավարժությունները շոշափում են ԶՈւ բոլոր հնարավոր օղակները. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում մեկնարկած զորավարժություններին։
Sputnik
Զորավարժությունները շոշափում են ԶՈւ բոլոր հնարավոր օղակները. Տիգրան Աբրահամյան

Հետպատերազմյան փուլում պետք է ընթանան ԶՈւ վերակառուցման գործընթացներ, և այդ համատեքստում է, որ ԶՈւ-ն անցկացնում է այսպիսի մասշտաբային գործողություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով այսօր մեկնարկած ՀՀ ԶՈւ զորավարժությունները։

«Շատ հաճախ չէ այս թվաքանակով զորքերի ներգրավումը։ Որքան հասկանում եմ՝ զորավարժությունները շոշափում են ԶՈւ բոլոր հնարավոր օղակները»,- ասաց նա։

Նրա խոսքով`շատ կարևոր է ճշգրտել, թե ինչ վիճակում են գտնվում տարբեր զորատեսակները, բանակային տարբեր կորպուսները` արձանագրելով առկա խնդիրներն ու իրական պատկերը։

2020–ի աշնան դասերը. ինչու են Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն անցկացնում

Հարցին, թե հնարավո՞ր է այս զորավարժություններում տեսնենք ՌԴ կողմից Հայաստանին մատակարարված զինտեխնիկա և սպառազինություն, Աբրահամյանը նշեց, որ քիչ հավանական է համարում, քանի որ բանակի հիմնական մատակարարումները տեղի կունենան ԶՈւ բարեփոխումների գործընթացի մեկնարկից հետո, որտեղ արդեն իսկ պարզ կլինի, թե ինչ բանակ է ունենալու Հայաստանը առաջիկա 3,4, 5 կամ 10 տարվա կտրվածքով, և ըստ այդմ էլ շատ ավելի հստակ կլինի, թե բանակն ինչ սպառազինությամբ համալրելու անհրաժեշտություն կա։

Նշենք, որ այսօր՝ մարտի 16-ին, ժամը 9-ից ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ: Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններում ընդգրկված են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ:

Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

«Մկանախաղ» կռվից հետո․ ՀՀ-ն ու Ադրբեջանը միաժամանակյա զորավարժություններ են անցկացնում