ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով այսօր նախատեսված նիստը նույնպես հետաձգվեց։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը ներկա չէր նիստին. նա դեռ հիվանդանոցում է։
Երեկ Կարեն Մեժլումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Օհանյանի մոտ հայմորիտ է ախտորոշվել, և նա դեռ մնալու է հոսպիտալում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումը, ըստ որի` Օհանյանը դեռևս գտնվում է հիվանդանոցում և չի կարող մասնակցել այսօրվա նիստին։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես ներկա չէր նիստին։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ տեղեկանալով, թե Օհանյանը դեռևս հիվանդանոցում է, և հաշվի առնելով, որ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության պայմաններում նիստ չի կայանա, ինքն է խորհուրդ տվել Քոչարյանին այս նիստին չներկայանալ։
Գործով դատախազներն էլ նկատեցին` արդեն 4-րդ նիստն է, որ հետաձգվում է։ Ուստի նրանք պատրաստ են առաջիկայում միջնորդություն ներկայացնել, որպեսզի գործով ամբաստանյալների գործերն անջատվեն ու առանձին վարույթներում քննվեն։
«Հաշվի առնելով, որ առկա պայմաններով նիստը չի կարող շարունակվել` հաջորդ նիստը կնշանակվի մարտի 23-ին` ժամը 13։00-ին»,–ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Նշենք, որ Վարդևանյանը դատավորին խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին ՍԴ–ն գրավոր քննելու է Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
Դատավորը պատասխանեց` դա չի խանգարի, որ ժամը 13-ին էլ այս գործով նիստ նշանակվի։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին նախորդող երկու նիստերը նույնպես հետաձգվել էին. փետրվարի 23-ին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և նրա պաշտպան էին բացակայում նիստից։ Մարտի 2-ին Գևորգյանը կրկին ներկա չէր նիստին։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին հայտնել էր, որ պաշտպանյալի մոտ սուր շնչառական հիվանդություն է ախտորոշվել։
2008-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ ստացավ։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Գործով անցնում են նաև 2008-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԽՔ Արմեն Գևորգյանը: