Զինված ուժերի ղեկավար կազմը վերահաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

Հայտարարությունում շեշտվում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

Հայաստանի գլխավոր շտաբի պետը չի պատրաստվում հեռանալ. աղբյուր

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։