ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ԲՀԿ–ն վաղն ԱԺ–ում նորից գործընթաց է սկսելու, որ ԱԺ օրակարգ մտնի ռազմական դրությունը վերացնելու և ներկայիս դրությունը քննարկելու հարցը։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական Միքայել Մելքումյանը։
«Վաղն ԱԺ–ում լիագումար նիստն է սկսվելու, սակայն ես չեմ ուզում գնալ ու լսել տնտեսական կամ այլ թեմայով ինչ–որ բան։ Պետք է Աժ–ում գործընթաց սկսվի, որպեսզի հրավիրված և տապալված` ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու և ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով նիստը մտնի ԱԺ օրակարգ։ Մենք պետք է հասնենք սահմանադրական ճանապարհով իշխանափոխության»,–ասաց Մելքումյանը։
Նա «Իմ քայլի» գործընկերներին դիմեց` ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե իրենց թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։
Մելքումյանը վստահեցրեց, որ մնացել է մի վերջին ճիգ գործադրել, և մի քանի օրից նույն վայրում հաղթանակ են տոնելու։
Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։