Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպել են Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ

Հանդիպումն ավարտվել է ժամեր առաջ։ Նախկին նախագահները հանդիպել էին ընդդիմադիր առաջնորդներին Վազգեն Մանուկյանի գրասենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Հայաստանի 2-րդ և 3–րդ նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Գագիկ Ծառուկյանի և Վազգեն Մանուկյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

Ամենաբարձր մակարդակով մեզ տրամադրում են թուրքերի հետ «սիլի-բիլի» անելու. Իշխան Սաղաթելյան

Համաձայն թերթի տեղեկությունների` վեց քաղաքական գործիչները հանդիպել էին Վազգեն Մանուկյանի գրասենյակում։ Հանդիպումն ավարտվել է ժամեր առաջ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց լուրը` ասելով, որ քաղաքական գործիչների հետ հանդիպումներ պարբերաբար լինում են։ «Եթե անհրաժեշտություն լինի, դրանց մասին կխոսենք», – ասաց նա։

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ում տեղեկություններ են տարածվել, որ շարժման ռազմավարությունը փոխվելու է, հնարավոր է` շարժումը այսուհետ գլխավոր Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին` եռակողմ հայտարարության ընդունումից հետո, Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Իշխան Սաղաթելյանը գիտի` երբ հնարավոր կլինի վերադարձնել Շուշին ու Հադրութը

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական: Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։