ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Եթե Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն, Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի իր ցուցակով ու վարչապետի իր թեկնածուով:
««Ալյանսը» մասնակցելու է սեփական թիմով, սեփական կազմով, սեփական համախոհներով, համակիրներով»,- այսօր կուսակցության համաժողովում հայտարարեց «Ալյանսի» նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Խոսելով արտահերթ ընտրությունների՝ հանրային պահանջի լինել-չլինելու մասին` նա նշեց, որ այդ հարցի պատասխանը պետք է տա ժողովուրդը:
«Շատ մոտ ապագայում հրավիրվելու է հանրահավաք: Եվ այդ հանրահավաքի ժամանակ կհնչի հարց, կհնչի նաև առաջարկ: Մասնակիցների, համակիրների դիրքորոշումից, ժողովրդի աջակցությունից կախված նաև կձևավորվի այդ առաջարկը: Եվ նաև մենք կլինենք պահանջողներից մեկը՝ հարցը լուծել այսկերպ, թե այնկերպ»,-ասաց նա:
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։
Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ ընտրությունների։
Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել