Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել բոլոր նահատակների հիշատակին: Համապատասխան տեսանյութը ԱՀ նախագահը հրապարակել է Facebook-ի իր էջում։
«Արցախում և մայր հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին: Խոնարհումս նրանց բոլոր հարազատներին: Նրանց հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»,– տեսանյութին կից գրել է նախագահը:
Հիշեցնենք՝ այսօրվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սուգ է հայտարարված։
Դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կկատարվի արցախյան երկրորդ պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
«Նիկոլ, վարչապետ». սգո երթը մեկնարկեց վարչապետին ուղղված ծափերով
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը