«Ախպեր, նորից կարդա ազգանունը, չեմ հավատում». գերիների հարազատներն օդանավակայանում էին

Մինչ տղաներից մեկը կարդում է գերիների անունները, հարազատները չեն կարողանում հույզերը զսպել։
Sputnik

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում մոտ 2 ժամ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Գերիների հարազատները սպասում էին «Էրեբունի» օդանավակայանի հսկիչ անցագրային կետում։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմավորել է հայ գերիներին. այժմ նա հոսպիտալում է

Sputnik Արմենիայի նկարահանող խմբին հաջողվել է նկարահանել հայ գերիներին սպասող հուզված հարազատներին։

Մինչ տղաներից մեկը կարդում է գերիների անունները, հարազատները չեն կարողանում հույզերը զսպել։

«Մռութդ ուտեմ»,–հեկեկում է մայրը լսելով որդու անունը։

«Ցավդ տանեմ, չեմ հավատում»,–ասում է ծնողներից մյուսը։

«Ախպեր, նորից կարդա, նորից կարդա ազգանունը, չեմ հավատում»,–ասում է տղամարդկանցից մեկը։

Հավաքվածները լսելով իրենց հարազատի անունը՝ ծափահարում են։

Կարմիր խաչը չի մասնակցում գերիների փոխանակման ընթացիկ գործընթացին

Հիշեցնենք`դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։

Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։