Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն

Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և պատմական զուգահեռներ տանում պատերազմում պարտված եվրոպական երկրների հետ։
Sputnik

Արցախում տարած պարտությունը ինչ–որ կերպ «մեղմել» փորձող քաղաքագետներն ու շարքային քաղաքացիները սկսել են ավելի հաճախ Հայաստանի ներկայիս իրավիճակը համեմատել հետպատերազմյան Գերմանիայում կամ Ճապոնիայում տիրող իրավիճակի հետ։ Հիմնական գաղափարը պարզունակ է. իբր, նայեք այդ երկրներին, Համաշխարհային երկրորդ պատերազմի հետևանքով լիարժեք կապիտուլյացիայից հետո նրանցից շատ քիչ ժամանակ պահանջվեց վերականգնվելու, հզոր տնտեսական ցատկ կատարելու ու զարգացած առաջատար պետությունների ցուցակում հայտնվելու համար։

Հայաստանը «Մարշալի պլան» ունի՞

Այս ամենից այսպիսի եզրահանգում է հետևում. ոչինչ, որ մենք տարածքներ ենք կորցրել, որ Հայաստանը բախվել է մի շարք սոցիալ–տնտեսական խնդիրների, իսկ Արցախը` մարդասիրական ճգնաժամի, չէ՞ որ ամեն դեպքում «տնտեսական հրաշքի» հույս կա, որն էլ Հայաստանը կվերածի «սուպերպետության»։

Նման համեմատությունները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում։ Սկսենք նրանից, որ պարտված ֆաշիստական Գերմանիայի հետ անալոգիան տեղին չէ, քանի որ հայ ժողովուրդը որևէ մեկի վրա չի հարձակվել, այլ ընդամենը պաշտպանվել է։

Փաշինյանի քաղաքական հաշվարկը․ ո՞վ է պետք Հայաստանին

Բացի այդ միայն մեկ պատմական փաստ հիշենք։  Արևմտյան Գերմանիայի հետպատերազմյան վերականգնման հարցում վճռորոշ դեռ խաղաց «Մարշալի պլանը», որն առաջարկվել էր Միացյալ Նահանգների կողմից և որը դարձավ ԳԴՀ տնտեսական ցատկի կատալիզատորը։ Մի պահ մտածեք. պատերազմում Գերմանիային հաղթած երկրներից մեկը նրան օգնության ձեռք է մեկնել` թեկուզ և սեփական հեռու գնացող նպատակներ ու շահեր հետապնդելով։ Այդ պլանի համաձայն, որը տարածվում էր 17 եվրոպական երկրների վրա, ամերիկացիները գերմանական տնտեսության մեջ միլիոնավոր դոլարներ ներդրեցին։

ԱՄՆ–ն ոչ միայն գումար և սարքավորումներ տրամադրեց Եվրոպային, այլև այդ միջոցների արդյունավետ կիրառման ծրագիր։ Արդյունքում տնտեսությունն առողջացավ, արդյունաբերությունը արդիականացվեց և եվրոպացիների կենսամակարդակը բարելավվեց:

Որևէ մեկը չի վիճում, որ ԳԴՀ զարգացման հարցում մեծ ներդրում ունեցան իրենք` գերմանացիները, որոնք հայտնի են իրենց աշխատասիրությամբ ու կարգապահությամբ։ Սակայն եթե տեղին և լայնածավալ օգնությունը դրսից չլիներ, դեռ հայտնի չէ` ինչպես կզարգանար այդ պետությունը։

Ի դեպ, ավելի ուշ «Մարշալի պլանը» տարածվեց Ճապոնիայի և Արևելյան Ասիայի որոշ երկրների վրա։ Ավելին, դեռ 1945 թվականի սեպտեմբերից էր ԱՄՆ–ն օգնություն տրամադրում Ճապոնիային` պարենամթերք, պարարտանյութ և այլ ապրանքներ ներմուծում։ Ընդհանուր առմամբ 6 տարվա ընթացքում Ճապոնիան 1.8 մլրդ դոլարի ապրանք էր ստացել ԱՄՆ–ից։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս իրավիճակին, կուզեինք հարցնել` որևէ մեկը լրջորեն մտածում է, որ մեր հակառակորդը` Ադրբեջանը կամ Թուրքիան, մեզ պարտության մատնելուց հետո միլիոններ կներդնի՞ հայկական պետության վերականգնման համար։ Կարծում եմ` ոչ մի ողջամիտ մարդ  նման հեռանկարի չի հավատում։

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

Կարող են առարկել, թե Հայաստանում ներդրում կանեն այլ երկրներ։ Ենթադրենք։ Իսկ ինչո՞ւ նրանք մինչ օրս դա չեն արել։ Չէ՞ որ նման հնարավորություն կար սկսած 1991 թվականից, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը։ Բայց ներդրումային բում որևէ տեղից ՀՀ քաղաքացիներն այդպես էլ չտեսան։

Կարծում եմ`դրանց վրա չարժե հույս դնել նաև հիմա, իսկ պատրանքների մեջ ընկնելը ոչ միայն անիմաստ է, այլև վտանգավոր, քանի որ դա թույլ չի տա գտնել իրական ելքը ներկա վիճակից։

Արցախյան «ռեկոնկիստա»

Եթե նույնիսկ որևէ պատմական զուգահեռ տանելու լինենք, ապա ավելի լավ է ուշադրություն դարձնենք Եվրոպայի պատմության մեկ այլ ժամանակահատվածի վրա, որը հայտնի է «Ռեկոնկիստա»  («Վերանվաճում») անունով։

«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը

Ինչպես հայտնի է, «Ռեկոնկիստան» մահմեդական զավթիչների (արաբների և բերբերների) դեմ Պիրենեյան թերակղզու քրիստոնյաների երկարատև և ծանր պայքարն էր։ Պայքարն ընթանում էր VIII-XV դարերում, փոփոխական հաջողությամբ։  Այն ժամանակ որպես միասնական պետություն Իսպանիան դեռ գոյություն չուներ, կային միայն առանձին թագավորություններ։ Սակայն կաթոլիկ եկեղեցին կարողացավ իր շուրջը համախմբել քրիստոնյաներին և դառնալ ազատագրական պայքարի գլխավոր գաղափարախոսը։

Իսկ Արագոնի թագավոր Ֆերդինանդի ամուսնությունը Կաստիլիայի թագուհի Իզաբելայի հետ հանգեցրեց Իսպանիայի թագավորության ստեղծման, որը ներառում էր Պիրենեյան թերակղզու մեծ մասն ու Արագոնի թագավորության կողմից մինչ այդ զավթած Բալեարյան կղզիները, Սարդինիան, Սիցիլիան և Ապենինյան թերակղզու հարավային հատվածը։  Հենց Ֆերդինանդն ու Իզաբելան վերջ դրեցին քրիստոնյաների և մուսուլմանների 700 տարվա պայքարին` իրենց տիրապետության տակ առնելով Եվրոպան։  Ազատագրական այս շարժման ավարտը դարձավ այդ դարաշրջանի Եվրոպայի խոշորագույն պետության` կաթոլիկ Իսպանիայի հզորության հիմքը։

Եթե համեմատենք մեր պատմության հետ, անկասկած, տարբերություններ կան։ Նախ` Արցախյան պատերազմը կրոնական հակամարտություն չէ, երկրորդ`  հայ ժողովուրդն արդեն ձևավորել է իր պետականությունը, թող որ տարածքային առումով ոչ մեծ մակերեսի վրա։

Խաղից դուրս վիճակ, կամ ո՞րն էր Թուրքիայի գլխավոր սխալը Արցախի հարցում

Սակայն հայերի ազգային–ազատագրական պայքարն օտարազգի զավթիչների դեմ, ինչպես և Պիրենեյան թերակղզու քրիստոնյաների դեպքում, նոր չէ։ Մեր պատմության մեջ կան ինչպես հաղթանակի լուսավոր, այնպես էլ պարտության մութ էջեր։ Եվ հիմա բոլորը պետք է հասկանան, որ ներկայիս պարտությամբ պայքարը չի ավարտվել։ Բացի այդ թշնամին էլ չի թողնի, որ այդ մասին մոռանանք` մշտապես խոսելով իր նորանոր հավակնությունների մասին։ Այնպես որ Արցախյան «Ռեկոնկիստան» շարունակվում է։

Սեփական ծրագիր

Կրկին վերադառնալով «գերմանական հրաշքի» մասին խոսակցությանը` կցանկանայինք խորհուրդ տալ. Հայաստանը ԳԴՀ–ի հետ համեմատելուց առաջ պետք չէ մոռանալ, որ Գերմանիան հզոր Գերմանիա էր դեռևս նախքան Համաշխարհային երկրորդ պատերազմը։

Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ

Մեկ նկատառում միայն. Գերմանիան Mercedes–ն արտադրել էր զինված հակամարտության մեջ մտնելուց շատ տարիներ առաջ։ Հայաստանն իր լավագույն տարիներին արտադրում էր «ավտոարդյունաբերության անեծք» ԵրԱԶ մեքենաները, որոնք հաճախ «հանգչում» էին գործարանի դարպասներից դուրս գալիս։ Կարող ենք զուգահեռներ անցկացնել երկու երկրների կենսագործունեության բոլոր ոլորտներում,  համեմատությունը մեր օգտին չի լինի։ Ցավոք։

Ինչ վերաբերում է գերմանական կարգուկանոնին և կարգապահությանը, ինչը ևս այդ ժողովրդին օգնեց ոտքի կանգնել, ապա դա միայն բնավորության գիծ չէ, այլ «պրուսյան ժառանգություն», որը գործնականում կիրառվում էր հարյուրավոր տարիներ։ Հայերի դեպքում  ի՞նչ կարգուկանոնի և ենթարկվելու մասին կարող է խոսք լինել, եթե մեզ մոտ բարձրագույն մակարդակով հայտարարվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր վարչապետն է։

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...

Այս ամենն ասվում է ոչ թե մեզ` հայերիս նսեմացնելու կամ չարախնդալու, այլ իրավիճակին սթափ գնահատական տալու համար։

Անալոգիաների լեզվով խոսելու դեպքում կարելի է ասել, որ մեզ կփրկի ոչ թե նոր «Մարշալի պլանը», այլ հայ Բիսմարկը, որը գերմանացի մեծ կանցլերի օրինակով, հիրավի ուժեղ Հայաստան կստեղծի և կկարողանա առաջ գնալ սեփական ծրագրով։