Պեսկովն ասել է` ինչպես են Մոսկվան ու Անկարան լուծում ԼՂ հարցով տարաձայնությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է թուրքական կողմի հետ քննարկումները ղարաբաղյան կարգավորման հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․  Ղարաբաղի շուրջ Մոսկվայի և Անկարայի միջև ծագող նրբություններն ու տարաձայնությունները կկարգավորվեն թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու լուրերին

«Մենք ի սկզբանե ունեցել ենք տարբերվող տեսակետներ... Ռուսաստանը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, համանախագահները, Ֆրանսիան, եվրոպական մյուս երկրները հակամարտության(Լեռնային Ղարաբաղում,–խմբ.) քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորմանն այլընտրանքի բացակայության մոտեցման համոզված կողմնակիցներն են։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ տեսակետին։ Թուրքիան այլ տեսակետ ունի, բայց, այնուամենայնիվ, տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությունը ցույց է տվել իր արդյունավետությունը»,-ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը գնահատում է նման փոխգործակցությունն ու փոխադարձ վստահության և համագործակցության մակարդակը։ Երկու երկրների նախագահները շարունակում են շատ սերտ և առարկայական երկխոսությունը ։

«Բայց, իհարկե, չի լինում այնպես, որ մոտեցումների որոշակի նրբերանգներ չլինեն։ Այն տարաձայնությունները, որոնք նույնպես ի նկատի ունենք, կկարգավորենք մեր թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում»,-հայտնել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կրեմլին բավարարում է այն, որ հաջողվել է ստորագրել համատեղ հայտարարությունը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու հրաժարական չի տվել հայտարարությունը չստորագրելու համար