ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Շվեդիայի իշխանությունը պաշտոնական հարցում չի ստացել Ղարաբաղում խաղաղապահ ուժերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Շվեդիայի ԱԳՆ-ին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը առաջարկել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներկայացուցիչներ ներառի Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:
Շվեդիայի ԱԳՆ-ից նշել են, որ երկրի կառավարությունը ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում է Ղարաբաղյան հակամարտության սրմանը:
«Շվեդիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մյուս մասնակիցների հետ սերտ կապի մեջ է այն հարցի շուրջ, թե ինչ է պահանջվում հակամարտության դադարեցման և խաղաղ կարգավորման հասնելու համար։ Այսօրվա դրությամբ մենք խաղաղապահ ուժերին աջակցելու վերաբերյալ որևէ պաշտոնական հարցում չենք ստացել, և նման գործողություն սկսելու մասին որևէ որոշում չի կայացվել», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 2-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը