ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. Բեյրութի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհն ուժեղացել է։ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ոստիկանությունը հորդորում է տեղում աշխատող լրագրողներին անվտանգ հեռավորություն պահպանել։ Հրշեջ-փրկարարական մի քանի հաշվարկներ նույնպես հեռացրել են ավտոմեքենաները։
Արդեն մի քանի ժամ է՝ նավահանգստի ազատ մաքսային գոտու տարածքում այրվում են յուղով և անվադողերով լի պահեստները. քաղաքի կեսը ծածկված է ծխով։ Լիբանանի Կարմիր խաչի տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Հրդեհաշիջման աշխատանքներին ուղղաթիռներով մասնակցում է լիբանանյան բանակը։
Բեյրութի քաղաքապետ Մարվան Աբուդը լիբանանյան ԶԼՄ-ներին հայտնել է, որ հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Այս պահին բոլոր ուժերն ուղղված են հրդեհը մարելուն։ Աշխատանքներում ընդգրկված են հրշեջ-փրկարարական 16 հաշվարկ։
Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 190 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 13 հայ կար։
Լիբանանի մայրաքաղաքում դարձյալ հրդեհ է. նախկին պայթյունի վայրում անվադողեր, նավթ է այրվում
Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։
Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։