ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնման կայանքը հասել է ատոմակայան: Ինչպես հայտնում են «Ռոսատոմ» պետկորպորացիայի մամուլի ծառայությունից, այսկերպ կավարտվեն ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքները, որոնք նախանշված են 2021 թվականին։
Հաջորդ տարի արդեն կիրականացվի ռեակտորի կորպուսի թրծումը, ինչը թույլ կտա 80-ից 85 տոկոսով վերադարձնել այն ելակետային վիճակին։
Տեխնոլոգիական այդ եզակի գործողությունը կանցկացվի հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի շրջանակում։
«Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանքի անվտանգությունը բարձրացնելու համար։ Թրծման շնորհիվ կվերականգնվեն ռեակտորի իրանի մետաղի հատկությունները, ինչը թույլ կտա շարունակել դրա անվտանգ շահագործումը»,-ասել է կայանքի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
Ռեակտորի իրանը էներգաբլոկի «սիրտն» է, և հենց դրա ռեսուրսով է պայմանավորված կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը։
Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Թրծման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 475 աստիճան ու պահվում այդ ջերմաստիճանով մի քանի օր, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Մետաղը վերականգնում է իր հատկությունները, ինչն ավելացնում է դրա շահագործման ժամկետը։
Գործողությունը կիրականացնեն «Ռոսատոմի» մի քանի կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է աշխատանքի իր մասի համար։
Տեխնոլոգիան մշակել ու համապատասխան հաշվարկներ են իրականացնում «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը, «Գիդրոպրեսս» հատուկ կոնստրուկտորական բյուրոն (ОКБ «ГИДРОПРЕСС») և «Պրոմոթեյ» կոնստրուկցիոն մետաղների ԿԳՀԻ-ն (ЦНИИКМ «Прометей»), իսկ աշխատանքները կայանքում կիրականացնեն «Ատոմէներգոռեմոնտ» («Атомэнергоремонт») և մեքենաշինության տեխնոլոգիաների ԿԳՀԻ-ն («ЦНИИТМАШ»)։
Ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է 1987 թվականին, Նովովորոնեժի ԱԷԿ-ում։ Այսօր այս գործողությունն իրականացվում է բոլոր կայաններում, որոնցում կատարվում է ժամկետների երկարաձգում։ Վերականգնողական թրծումներ են իրականացվել ВВЭР-440 տիպի մի շարք ռեակտորների վրա՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում և Ֆինլանդիայում։
Հատուկ չվերթ․ ՌԴ մասնագետները Հայաստան են եկել ԱԷԿ-ի վերանորոգման վերջին փուլի համար
Հիշեցնենք, որ ռուսական վարկի հաշվին փոխարինվել են գործող էներգաբլոկի երկու գեներատորները, ինչպես նաև արդիականացվել է կառավարման վահանակը: Այժմ քննարկվում է ռեակտորի գմբեթի ամրապնդման, ինչպես նաև սառեցման աշտարակների վերանորոգման հնարավորությունը։
Բացի վարկային գծից, Ռուսաստանը Հայաստանին նաև 30 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել ՝ վերանորոգման աշխատանքների մրցույթների նախապատրաստման համար։