«Մոլորվել է». Հայաստանի ՊՆ–ն` ադրբեջանական կողմում հայտնված հայ սպայի մասին

Ադրբեջանական կողմը մոլորվածին ներկայացնում է որպես դիվերսանտ, ինչն ապատեղեկատվություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Տոնոյանը Բաքվում գտնվող Կարեն Ղազարյանի թեմայով քննարկում է ունեցել Կարմիր Խաչի հետ

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե այսօր «Ադրբեջանի ԶՈՒ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին»։

Ըստ հաղորդագրության` օգոստոսի 23-ին ' ժամը 05:45-ի սահմաններում, «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը Գերանբոյի շրջանի ուղղությամբ փորձել է սադրանք իրականացնել, սակայն կորուստներ կրելով, նահանջել է»։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,–Facebook–ի իր էջում գրել է Ստեփանյանը։

ՀՀ ՊՆ խոսնակի խոսքով` իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ 2018թ.–ի հուլիսի 15-ից Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ղազարյանը։ Իսկ նախորդ տարի` 2019 թվականի օգոստոսին, 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանն էր Ադրբեջանի տարածքում հայտնվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ զինծառայողը մոլորվել է այդ տեղանքում:

Այս տարի հուլիսի 8-ին էլ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Սարդարյանը ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց` իբրև թե Նարեկն ինքնակամ անցել է սահմանը և ապաստան խնդրել։

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հարցը