Սերժ Սարգսյանը «գաղտնազերծեց» ապրիլյան քննիչ հանձնաժողովում հնչեցրած իր ներածական խոսքը

ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է հետևյալ հարցին` հնարավո՞ր էր կանխել ապրիլյան պատերազմը, և ասել, թե որն էր պատերազմից խուսափելու միակ ճանապարհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո հրավիրած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ մինչ լրագրողների հարցերին անցնելը հրապարակեց ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հնչեցրած իր ներածական խոսքը, որը ներկայացնում ենք ստորև։

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը. Սերժ Սարգսյան

«Առաջին հերթին կասեմ` ինչու որոշեցի ընդունել ձեր հրավերը։ Չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդամներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից և մերժել հրավերը` այն հիմնավորմամբ, որ սա քաղաքական նկատառումներով ստեղծված հանձնաժողով է։ Ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգությունները տեղին են, քանի որ ուզում են նայել ձեր աչքերի մեջ և տեսնել` կա արդյո՞ք մեկը, որը դույզն–ինչ կասկած ունի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ։ Կարող է ասել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախությամբ բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը պարտվել։

Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդկության պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել և հաղթել են միայն զինվորները։

Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են

Հարց կարող է ծագել, թե ինչու մինչև այսօր համապարփակ և հանրայնորեն չեմ անդրադարձել ապրիլյան թեմայով տարատեսակ շահարկումներին։ Ասեմ ուղիղ` սկզբում չկար դրա անհրաժեշտությունը, իսկ հետո` նպատակահարմարությունը։ Սա էր պատճառը, որ ես առաջարկել էի հանձնաժողովի քննարկմանը մասնակցել արտակարգ դրության ավարտից հետո, որպեսզի լսումներից հետո հնարավորություն ունենայի ԶԼՄ–ների ներկայությամբ անդրադառնալ և մեր հանրությանը փոխանցել ամբողջական տեղեկատվություն։

Կուզեի անդրադառնալ որոշ թեմաների, որոնք շահարկումների թեմա են դարձել։ Երբ հրապարակ է նետվում թեզ, թե հաղթանակ, թե պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները պետք է հստակ պատկերացում ունենան` ինչ է հաղթանակը և պարտությունը։ Ակնհայտ է, որ պատերազմներն ինքնանպատակ չեն լինում, դրանք միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդին։ Որևէ պատերազմի վերջնական արդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե` մի մասի իրականացմանը։

Ինչո՞ւ 2016թ-ին չկրակեց «Իսկանդերը». Սարգսյանը մեկնաբանել է ամենաքննարկվող հարցերից մեկը

Հնարավո՞ր էր կանխել կամ խուսափել պատերազմից։ Համոզված եմ` հնարավոր չէր։ Ինչո՞ւ։ Որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի փոխզիջումային տարբերակի։ Ադրբեջանը պատրաստ չէր և պատրաստ չէ ընդունել ԼՂ քաղաքացիների` իրենց երկրի կարգավիճակն ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը։ Պատերազմից խուսափելու մեկ ճանապարհ կար` գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում։ Այդ ճանապարհը մեզ համար չէր։

Որո՞նք էին Ադրբեջանի քաղաքական նպատակները. գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր` ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը` 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը։

Փաշինյանը հիշեց «հոկտեմբերի 27»-ն ու թվարկեց Սերժ Սարգսյանի ընտանիքին վերաբերող փաստեր

Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի` որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը։ Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ պարտվածի բարդույթը և հակառակն իրականացնել մեր ժողովրդի հոգեբանության մեջ։

Հասե՞լ են նրանք իրենց նպատակներին։ Մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին հայկական կողմերին և միջազգային հանրությանը կանգնեցնել կայացած փաստի առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։ Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013-ից` ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևը ստիպված էր այս իրողությանը համաձայնել նաև Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում։ Սա եղել է մեր իշխանությունների թողած կարևորագույն հանգամանքներից մեկը։

Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

Այսպիսով, ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև դիվանագիտական ասպարեզում։ Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Կրելով անհաջողություններ մարտի դաշտում` Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցությունների սեղանի շուրջ` Ռուսաստանի մասնակցությամբ։ Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման Ադրբեջանի առաջարկը։ Մենք մերժեցինք` պնդելով, որ վերականգնվի 1994-ի հրադադարի սկզբունքը։

Ալիևը պատերազմով ցանկանում էր բարձրացնել բանակի և ժողովրդի մարտական ոգին` ստեղծելով հաղթանակի մասին առասպել։ Ցավալի է հետևել, թե ինչպես են այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն 4 տարի է` ստեղծվում են միֆեր բահերով կռվող, առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն` ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ամոթ է, նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից։

Ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե պարտություն` ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ արդյունքներից ելնելով` վստահ եմ` սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը։

Արդյունավե՞տ է աշխատել մեր ռազմական քաղաքականությունը. որոշակի թերություններով հանդերձ` ռազմական բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։ Իսկ թերացումների և դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ–ի և ԶՈՒ–ի գլխավոր շտաբի հույժ գաղտնի զեկույցը, որը հասանելի է եղել նաև ապրիլյան հանձնաժողովի անդամներին։

Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը։ Կարծում եմ` այո, բայց կարծում եմ, որ կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որբացած ծնողներ և այրիներ։

Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և լրացուցիչ պատժել Ադրբեջանին։ Դա կլիներ արկածախնդրություն` հղի անկանխատեսելի հետևանքներով»։

Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի` ապրիլի 16-ին կայացած նիստը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը, տևեց շուրջ 5 ժամ։ Նիստին Սարգսյանը մասնակցում էր մեկ պայմանով` տեսաձայնագրությունը պետք է տրամադրեն իրեն։ Սարգսյանն էլ իր հերթին պարտավորվել է նիստի ժամանակ հնչած հարցուպատասխանի մանրամասները չհայտնել մինչև 2050 թվականը։

ԱԺ նախագահը պատմեց, թե ինչպես է կազմակերպվել Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան