Չնայած Ամուլսարի ցույցերին, «Լիդիանը» Սյունիքում վերաբացում է իր քիմիական լաբորատորիան

«Լիդիանի» Լաբորատորիան փակվել էր 2018-ին Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաների հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ «Լիդիան Արմենիա» ընկերությունը վերաբացում է Սյունիքի մարզի Գորայք համայնքի իր քիմիական լաբորատորիան։ Համաձայն ընկերության հաղորդագրության՝ լաբորատորիան Գորայքում գործում էր 2007-ից, սակայն փակվել էր 2018-ին Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաների հետևանքով։

Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները

«Լաբորատորիայում իրականացվում էին անալիտիկ անալիզի համար հորատհանուկների նմուշների նախապատրաստում, ծավալային քաշի որոշում, թթվային ապարների դրենաժի կառավարման մոդելավորման աշխատանքները՝ արտասահմանյան լավագույն փորձագետների վերահսկողությամբ: Այս աշխատանքների արդյունքում առաջին անգամ Հայաստանում ներդրվելու է թթվային ապարների դրենաժի կառավարման շրջանակներում պասիվ մաքրման կայանի միջազգայնորեն ընդունված տեխնոլոգիան», - գրված է հաղորդագրությունում։

«Լիդիան Արմենիան» նշում է, որ նպատակ ունի դիմելու լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար, որից հետո այն արդեն իր ծառայությունները կառաջարկի նաև հանքարդյունաբերության և այլ ոլորտների ընկերություններին, այդ թվում նաև թթվային դրենաժի կառավարման հարցում:

Մինչդեռ Ամուլսարի շահագործման դեմ ակցիաները շարունակվում են։ Վերջերս խնդիրը նորից սրվեց, երբ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղադրված «Ամուլսարի պահապանների» վագոն–տնակներն ու դրանց փոխարեն իր պահնորդների վագոն-տնակներն էին տեղադրել։ Մի քանի օրից տնակները հեռացվել էին։

Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել

2018 թվականի հունիսից մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ, որոնք կոչում են իրենց «Ամուլսարի պահապաններ», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի լեռը տանող ճանապարհները։ Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ամուլսարի խնդրով բերման ենթարկված քաղաքացիներն անվճար իրավաբանական օգնություն կստանան

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: ՀՀ կառավորությունը 2014-ին Ամուլսարի հանքի շահագործման իրավունք է տվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: