ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերությունն արձագանքել է Ամուլսարի ծրագրի մասնակցությունից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հրաժարվելու մասին լուրերին։
«Երեկ որոշ շրջանակներ ոգևորությամբ լուր էին տարածել այն մասին, որ ՎԶԵԲ-ը դադարեցրել է ներդրումն Ամուլսարի ծրագրում: Սկսենք նրանից, որ ՎԶԵԲ-ը չի դադարեցրել ներդրումը»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Լիդիան Արմենիան» հիշեցնում է, որ 2020թ. հունվարից ՎԶԵԲ-ը հանդիսանում էր «Լիդիան Ինթերնեյշնլի» բաժնետեր։ Սակայն 2020թ. փետրվարին «Լիդիան Ինթերնեյշնլը» ստիպված եղավ հեռանալ Տորոնտոյի ֆոնդային բորսայից` Ամուլսարի շուրջ երկու տարվա իրադարձությունների հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով, ինչն այլևս հնարավորություն չէր տալիս շարունակելու բաժնետոմսերի ազատ վաճառքը։
«ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տևական ապօրինության հետևանքով»,– հայտարարում է «Լիդիան Արմենիան»` տեղի ունեցածի համար մեղադրելով Ամուլսարի հարցով բողոքի ակցիաների մասնակիցներին ապօրինության, պատկան մարմիններին` անգործության համար։
Ընկերության համոզմամբ` հենց այդ անօրինությունների ու պետական կառույցների անգործության հետևանքով են մի շարք հեղինակավոր բանկեր ու ներդրումային կազմակերպություններ կորցրել Հայաստանում օրինական բոլոր թույլտվություններն ունեցող ընկերության բաժնետոմսերում իրենց ներդրումը։
«Լիդիան Արմենիան» խոստանում է, որ Ամուլսարի ծրագիրը կիրականացվի` անկախ ամեն ինչից։ Ինչ վերաբերում է ՎԶԵԲ–ին, ընկերությունը հայտնում է, որ շարունակելու է քննարկել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործակցության շրջանակները Ամուլսարի ծրագրում։
Հիշեցնենք` Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում էին Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։
Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանեց դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրեց պահնորդներինը։ Ամուլսարի շահագործման դեմ բողոքները հայտարարություն տարածեցին` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:
«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։
Օգոստոսի 7-ին Ամուլսարի տարածքից հեռացվեցին նաև «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։
Օգոստոսի 11-ին ընկերությունը հայտարարեց, որ աշխատատեղերի վերականգնման գործընթաց է սկսում։
Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին
Հիշեցնենք նաև, որ 2019թ–ի ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։
Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել էին, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: