«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի տեղեկացմամբ` ստեղծված իրավիճակում ոչինչ չի փոխվել, եթե գործարարները ժամանակին հաշվետվություններ չներկայացնեն, հարկերը չվճարեն, կունենան խնդիրներ։ Ըստ նրա` մանր բիզներսի համար հարկային շեմի նվազեցում չի եղել, իսկ խոշոր բիզնեսի պարագայում միայն շահութահարկի հետ կապված կանխավճարները հետաձգվեցին։
«Չէի ասի, թե հարկային մարմիններն ինչ–որ խնդիրներ են հարուցում, իսկ նրանք, ովքեր աշխատանքային գործունեության ոլորտում բարեխիղճ են ու պարտաճանաչ են, պրոբլեմների չեն բախվում։ Ուղղակի մանր բիզնեսն ունի խնդիրներ կապված վարձավճարների հետ, ու քանի որ զեղչեր չեն եղել այս ընթացքում, փոքր գործարարները որոշ չափով հայտնվել են դժվար իրավիճակում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Գրիգորյանի փոխանցմամբ` լուրջ դժվարությունների են բախվել հատկապես նրանք, ում բիզնեսը կապված է դրսից ապրանքներ ներկրելու հետ, որովհետև շատերը չեն կարողանում գնալ և տեղում ծանոթանալ ապրանքների խմբաքանակին, գործարքի պայմաններին, հետևաբար ամեն ինչ անում են առցանց ռեժիմով, ինչն էլ իր հերթին հարուցում է խնդիրներ։
Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում
«Օնլայն տարբերակով հնարավոր չէ ամեն ինչ անել իդեալականորեն, ինչպես անմիջական շփման ժամանակ։ Շատ դժվար է նոր ապրանքներ հայթայթել, որոշ դեպքերում ապրանքները նախանշվածի նման չեն գալիս, հնարավոր չէ արդյունավետորեն հետևել տեղափոխման գործընթացին»,– նշեց գործարարը։
Գրիգորյանի համոզմամբ` թեև բիզնեսում շատ բան դանդաղել է ու բարդացել, բայց դրանք լուծվող հարցեր են, պարազապես փոքր արտահանողները լուրջ խնդիրներ ունեն. նրանք չեն կարողանում իրենց արտադրանքը մատակարարել արտերկրի գործընկերներին, քանի որ այնտեղ էլ գրանցվել է ապրանքաշրջանառության անկում, իսկ ներկրումների ոլորտում անկումը կազմում է շուրջ 20 տոկոս։
Գրիգորյանն ընդգծեց, որ Կառավարության կողմից մանր ու միջին բիզնեսին առնչվող աջակցության ծրագրերը թեև արմատապես իրավիճակը չեն փոխել, սակայն շատերին թույլ չեն տվել սոված նստել տանը` ի տարբերություն ժամանցային բիզնեսի ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչների։ Սամսոն Գրիգորյանին հայտնի ՓՄՁ–ների մեծ մասն օգտվել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից, ոմանք նույնիսկ երկու–երեք անգամ։
Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը