ՔԿ–ն կպարզի` ինչպես է Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր դարձել ՌԴ քաղաքացիությամբ

Ռուբեն Հայրապետյանը, 2003 - 2012 թթ-ին լինելով այլ երկրի քաղաքացի, 2 անգամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին ու ընտրվել ԱԺ պատգամավոր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին վերաբերող նոր հանգամանքներին վերաբերող հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե:

Քաղաքապետարանի աշխատակիցը Ռուբեն Հայրապետյանի ծանոթներին «ջրի գնով» հող է վաճառել

«Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե` այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Գլխավոր դատախազի խորհրդականը նաև հայտնել է, որ դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքներից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում:

Աբրահամյանն օգոստոսի 4-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի:

Այդ ընթացքում 2003 - 2012 թթ-ին Ռուբեն Հայրապետյանը, փաստորեն լինելով այլ երկրի քաղաքացի, 2 անգամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին ու ընտրվել ԱԺ պատգամավոր:

Հիշեցնենք` Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանը հետախուզման մեջ է։

Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։

ՌԴ–ն դադարեցրել է Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը. ՀՀ դատախազությունը հարցում է ուղարկել